Ռուբեն Վարդանյանը հարցեր է ուղղել Անահիտ Մանասյանին

Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մի քանի հարց ուղղելով պաշտոնյային:

«Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւայի հետ։ 
Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական եւ դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ եւ մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության եւ արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռեւս չի իրականացվել։
ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների եւ անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որեւէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ 
Չնայած երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության եւ իրավունքների հարցերը պաշտոնական Երեւանի օրակարգում չեն, եւ ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաեւ, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջեւ։
Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջեւ։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։
Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին.
1. Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ 
2. Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։
3. Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարեւոր է անհապաղ գործարկել մարդասիրական եւ իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ 
Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ»,- ասվում է Ռուբեն Վարդանյանի ուղերձում:

Leave a comment