Եթե կան քաղաքացիներ, որոնք պատրաստվում են լրտես դառնալ, պետք է կանխվի դա. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին

«Եթե իշխանությունները տեղյակ են, որ ՀՀ քաղաքացիներից որեւէ մեկը դեռեւս լրտես չէ, բայց պատրաստվում է լրտես դառնա, նրանք պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներով կանխեն դա: Ոչ թե թույլ տան՝ մարդն այդ գիծը հատի, հետո նոր գնան, ձերբակալեն ու դատապարտեն: Դրա համար կան հատուկ ծառայություններ, որոնք նախականխում են, կանխում են»,- այսպես է արձագանքում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի՝ լրտեսների գիծը հատել պատրաստվող քաղաքացիների ցուցակ պահելու մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր. «Ուզում եմ գաղտնիք բացահայտել․ մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ՝ գործում է այլ երկրների օրակարգով։ Եթե նրանք դեռ ազատության մեջ են, նշանակում է՝ դեռևս լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Երբ գծեր հատվեն, կան, որ շատ մոտ են, եզրով քայլում են, երբ հատեն, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն ազգանուններով»։

Վարդան Հարությունյանը չբացառեց նաեւ, որ ընտրություններից առաջ Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է նաեւ հերթական վախեցնելու փորձն ու շանտաժը լինել՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին. «Այո՛, վախեցնելու, շանտաժի դաշտից էլ կարող են լինել, չգիտեմ, բայց պետական պաշտոնյան այդքան ազատ այդ կարգի ելույթներ չպետք է սփռի»:

Վարդան Հարությունյանի խոսքով՝ ինքը Փաշինյանի այդ հայտարարությունը կհամարեր նաեւ քաղաքական, եթե քաղաքականություն տեսներ Հայաստանում. «Հայաստանում քաղաքականություն, որպես այդպիսին, չկա, որ ես դա համարեմ քաղաքական: Կան բամբասանքներ, կան իրար նկատմամբ թշնամության հրահրում, քաղաքականություն չեմ տեսնում գոնե այս վերջին տարիների ընթացքում: Ավելի շատ փողոցային չափորոշիչներով քաղաքական դաշտից դուրս հարաբերությունները ճնշելու օրինակներ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment