Մարդասպանին ումի՞ց եք պահում. Վալոդյա Գրիգորյանի մայր

Մերձավանում այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամներն ու մերձավորները բողոքի ակցիա են իրականացրել սպանության մեջ մեղադրվողի տան դիմաց՝ պահանջելով այդ ընտանիքին հեռացնել համայնքից:

Նշենք, որ մեղադրյալի տունը hսկում էին տասնյակ ոստիկաններ:

«Դուք ուրիշ առաքելություն չունե՞ք անելու այս երկրի համար: Մարդասպանին ումի՞ց եք պահում: Դրա համա՞ր եք այդքան տարի սովորել ու աշխատել: Մի հատ անալիզ արեք ձեր մեջ՝ արդյո՞ք արժե այս մարդասպանի դուռը կանգնեք: Գիտեմ՝ ձեզ փողն է պետք, բայց մի քիչ էլ մարդկային եղեք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Գրիգորյանի մայրը:

Նրա խոսքով, ամբողջ ձմեռ ոստիկանները հսկել են այդ տունը. «Ինչի՞ ես նկարում ինձ, տղա ջան, դու ինձ չե՞ս տեսել: Նկարի, չեմ ամաչում, դուք ամաչեք, որ մարդասպանին եք պահում»:

Գրիգորյանի այլ ազգականներ էլ նախատեցին ոստիկաններին. «Եթե նկարում եք, շատ ամոթ, է ծնողը էդպիսի տղա է մեծացրել ու կորցրել, դուք նկարելով եք զբաղված, էս ի՞նչ եք անում»:

«Մենք ասում ենք թող գնան Հայաստանի՞ց, ընդամենն ասում ենք՝ թող գնան համայնքից, ուրիշ տեղ ապրեն: Բայց ինչի՞, հինգ տուն այն կողմ եմ քնում, ո՞ր մի մայրը կարող է որդուն սպանողի տան կողքին հանգիստ քնել:  Ձեր ղեկավարությունը թող հանի, ռադ անի դրանց, որ խուսափենք մնացած բաներից»:

Գրիգորյանի մայրը վրդովվեց, որ մեղադրյալի ընտանիքը նորից հետ է եկել, բայց ինչի են եկել. «Ես՝ որպես մայր, չեմ թողնելու, հանգիստ ապրեն: Դիտավորյալ են արել, դիտավորյալ են եկել: Թող դուրս գա մեկը այդ տնից, ներողություն խնդրի, ասի ՝կներեք; Թեեւ մեր կյանքում դրանից բան չի փոխվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment