GABA-ն կամուրջ է կառուցում վրացական եւ հայկական շուկաների միջեւ

Ապրիլի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիայի (GABA) պաշտոնական մեկնարկը։ Միջոցառումը համախմբել էր Հայաստանի եւ Վրաստանի գործարար համայնքների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի դերակատարներին։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միջոցառումն իրականացավ CARE Caucasus-ի «Նրա ուժը, նրա ապագան» ծրագրի շրջանակում՝ ընդգծելով կանանց տնտեսական հզորացման եւ ներառական աճի օրակարգը։

Նախաձեռնության հիմնական նպատակը երկկողմ տնտեսական կապերի խորացումն էր, առեւտրի եւ ներդրումների խթանումը, ինչպես նաեւ բիզնեսների համար կառուցվածքային համագործակցության հարթակի ստեղծումը։

Լալի Սվիմոնիան

Լուսանկարը՝ Մեդիամաքս

GABA-ի հիմնադիր եւ տնօրեն Լալի Սվիմոնիան ներկայացրեց ասոցիացիայի ստեղծման նախապատմությունն ու առաքելությունը։ 

«Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիան ստեղծվել է հստակ տեսլականով՝ կամուրջ կառուցել վրացական եւ հայկական շուկաների միջեւ», – նշեց Լալի Սվիմոնիան։ 

Լալի Սվիմոնիան

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Վերջին շրջանում նկատվել է վրացական ընկերությունների աճող հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ, ինչը պահանջում է ավելի համակարգված եւ կազմակերպված մոտեցում։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Լալի Սվիմոնիան ընդգծեց անհամաչափությունը երկու երկրների բիզնես ներկայության մեջ՝ նշելով, որ Վրաստանում գործում են 600 հայկական ընկերություններ, մինչդեռ վրացական կազմակերպություններից ընդամենը 10-ն են ներկայացված Հայաստանում։ Նրա համոզմամբ՝ այս բացը կարող է զարգացման մեծ հնարավորություն դառնալ։

Լիլյա Սիրականյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանն ասել է, որ ասոցիացիայի ստեղծումը կարևոր քայլ է` ուղղված գործարար կապերի ինստիտուցիոնալացմանը։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Վստահ ենք, որ այն կդառնա արդյունավետ հարթակ` աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորումը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։  Փոխկապակցված տնտեսությունները ձևավորում են վստահություն և երկարաժամկետ գործընկերություն։ Վստահ եմ, որ այսօր մեկնարկող նախաձեռնությունները կբերեն նոր ներդրումների, նոր գործընկերությունների և համատեղ աճուրդներին», – ասել է նախարարի տեղակալը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միջոցառման առանցքային դրվագներից մեկը Helio.AI ընկերության մուտքն էր հայկական շուկա։ 

Ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Իա Ջիկիան իր ելույթում նշեց. 

«Մենք ներկայացված էինք յոթ երկրներում եւ հպարտ ենք, որ Հայաստանը դարձել է մեր ութերորդ շուկան»։ 

Իա Ջիկիան

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նա ընդգծեց, որ հայկական շուկան գրավիչ է իր տեխնոլոգիական ներուժով եւ արագ աճով։ Իա Ջիկիան հավելեց, որ ընկերությունն իրականացրել է խորքային շուկայի ուսումնասիրություն եւ արդեն սկսել է համագործակցել տեղական կազմակերպությունների հետ, ինչը գնահատվում է որպես հաջող մեկնարկ։

Նա նաեւ ներկայացրեց ընկերության տեխնոլոգիական լուծումները՝ նշելով, որ Helio.AI-ը ավտոմատացնում է մարդկային ռեսուրսների հավաքագրման գործընթացը՝ թույլ տալով ընկերություններին նվազեցնել «ձեռքով» կատարվող աշխատանքը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդկային գործոնին։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 «Այսօր շատ ընկերություններ դեռ իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են մեխանիկական գործընթացների վրա, իսկ մենք օգնում ենք կենտրոնանալ մարդկանց վրա», – ասաց Իա Ջիկիան։

CARE Caucasus-ի գործադիր տնօրեն Նինո Բոլկվաձեն շեշտեց միջսահմանային համագործակցության ռազմավարական նշանակությունը. 

«Այն կարեւոր է նոր տնտեսական հնարավորություններ բացահայտելու եւ տարածաշրջանային դիմադրողականությունը ամրապնդելու համար»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նա ընդգծեց, որ CARE Caucasus կազմակերպությունը տարիներ շարունակ աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ տրամադրելով դրամաշնորհներ եւ խթանելով նրանց մասնակցությունը տնտեսական գործընթացներին։ Նինո Բոլկվաձեն հավելեց, որ GABA-ի ստեղծումը այդ ջանքերի տրամաբանական շարունակությունն է՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պանելային քննարկման թեմաներն էին սահմանային առեւտուրը, ներդրումային հնարավորությունները, աշխատուժի զարգացման եւ թվային գործիքների հասանելիության հարցերը։ 

Էլինա Մարգարյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (Amcham) ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը նշեց, որ տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում բիզնեսների համար, ինչը հատկապես կարեւոր է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նրա խոսքով՝ նման հարթակները թույլ են տալիս ոչ միայն ընդլայնել շուկաները, այլեւ փոխանակել փորձ եւ գիտելիք, ինչը կարեւոր է մրցունակ միջավայրի ձեւավորման համար։

Աստղիկ Հովհաննեսով 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment