Ո՞վ է դառնալու 2026 թվականի «Տարվա ուսուցիչը». Հայաստանում մեկնարկում է նոր համապետական մրցույթ

Ապրիլի 16-ին պաշտոնապես մեկնարկեց նոր և նշանակալի կրթական նախաձեռնություն՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» (Teach For Armenia) հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող առաջին համապետական ուսուցչական մրցույթը։

«Տարվա Ուսուցիչ 2026». Սա բացառիկ նախաձեռնություն է, որն առաջին անգամ Հայաստանում կենտրոնանում է հենց ուսուցչի մասնագիտական զարգացման, ճանաչման և արժևորման վրա։

Նոր հարթակ ուսուցիչների համար

Մրցույթը կանցկացվի երկու առցանց փուլով՝ ուսուցիչների համար հատուկ ստեղծված նոր հարթակում՝ Teacher.Koreez.am

Մասնակիցները կմասնակցեն երկու առցանց փուլերով, իսկ լավագույն արդյունք գրանցած ուսուցիչները կհրավիրվեն Koreez-ի ավանդույթ դարձած հանդիսավոր մրցանակաբաշխությանը, որտեղ կհայտարարվեն մրցույթի հաղթող ուսուցիչների անունները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել
🌐 Teacher.koreez.am հարթակում

📅 Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 19

Մրցույթ, որը միավորում է բոլոր առարկաները

«Տարվա Ուսուցիչ 2026» մրցույթը ներառում է դպրոցական հիմնական առարկաների լայն շրջանակ՝

  • Հայոց լեզու
  • Մաթեմատիկա
  • Տարրական դասարանների առարկաներ
  • Անգլերեն
  • Ռուսաց լեզու
  • Պատմություն
  • Աշխարհագրություն
  • Կենսաբանություն

Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ընդգրկել տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ Հայաստանի բոլոր մարզերի մեծ ու փոքր համայնքներից՝ ստեղծելով միասնական կրթական մրցակցային միջավայր։

Ուսուցիչը՝ որպես փոփոխություն ստեղծող ուժ

«Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի վերաիմաստավորել առաջնահերթությունները կրթության ոլորտում։

«Եթե մենք ուզում ենք փոխել կրթությունը, պետք է սկսենք ուսուցչից։
«Տարվա Ուսուցիչ 2026» մրցույթով մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ ուսուցիչը ոչ միայն գնահատվում է, այլ նաև դառնում է տեսանելի, լսելի և ազդեցիկ։ Սա հնարավորություն է յուրաքանչյուր ուսուցչին՝ ներկայանալ ամբողջ երկրի մակարդակով»։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին ընդգծում է ուսուցչի դերի խորքային նշանակությունը։

«Ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ։ Նա առաջնորդ է, ով ձևավորում է մտածողություն, արժեքներ և ապագա։
Այս մրցույթը հնարավորություն է տալիս արժևորել այդ դերը և ցույց տալ, որ Հայաստանում կան հարյուրավոր ուսուցիչներ, ովքեր ամեն օր իրական փոփոխություն են ստեղծում»։

 

–00—ԱՊ

Leave a comment