Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողներին հայտնեց, որ ստանձնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից ձերբակալված Հասմիկ Ամիրզադյանի (լուսանկարում) պաշտպանությունը:
«5 որդեգրված անչափահասի մայր է, մեղադրանքը չի ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ մեղադրանք է առաջադրվել: Նա նաեւ հայտնեց, որ այս պահին քննարկվում է Ամիրզադյանի խափանման միջոցի հարցը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանն էլ ասաց՝ բերման ենթարկվածների թիվն ամեն րոպե փոխվում է. «Հստակ տեղեկություն ունենք, որ 15 անձ բերման է ենթարկվել: Անհասկանալի պատճառներով՝ փաստաբանների գործունեությունը խոչընդոտվում է, մի մասին են թույլ տվել մուտք գործել իրենց վստահորդների մոտ ու իրականացնել իրենց վստահորդների պաշտպանությունը: Իշխանություններն այս գործիքակազմով ու իրենց ձեռքին գործիք դարձած իրավապահների միջոցով փորձում են իբրեւ թե վախեցնել մեզ: Սա Նիկոլ Փաշինյանի թույլ իշխանության վախի դրսեւորումն է: Նա հասկանում է՝ շուտով իշխանություն է կորցնելու, փորձում է փրփուրներից կառչել: Մեզ սա չի վախեցնելու, մեր թիմակիցներն ու կանայք ուժեղ են: Եվս մեկ կին է բերման ենթարկվել, փորձում են կանանց դեմ պայքարելով՝ ինչ-որ հարցեր լուծել»:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: