ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ-ի և ՀԲ-ի գարնանային հանդիպումներին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումներին։
Երկկողմ ձևաչափով տեղի ունեցած մի շարք հանդիպումների շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները կառուցողական և բովանդակային քննարկումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կենտրոնանալով Հայաստանի մակրոտնտեսական զարգացումների, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունների, վերջին միտումների, ինչպես նաև տնտեսական կայունության ամրապնդման և միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ Կողմերը նաև ընդգծել են, որ «Խաղաղության օրակարգի» շրջանակում տարածաշրջանային համագործակցության խորացումը կարող է էականորեն նպաստել տնտեսական ակտիվության ընդլայնմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։
Հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող նոր Պահուստային ծրագրի (Stand-By Arrangement) Տնտեսական ու ֆինանսական քաղաքականությունների հուշագրի ստորագրման գործընթացին, ծրագրի հիմնական ուղղություններին ու նպատակադրումներին։
Գործնական քննարկումների ընթացքում առանձնահատուկ ձևով կարևորվել է նաև ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության ընդլայնումը՝ ուղղված տնտեսական կառավարման համակարգերի շարունակական կատարելագործմանը և բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Այս համատեքստում, որպես առաջնահերթ ուղղություններ, առանձնացվել են կլիմայական և հարկաբյուջետային ռիսկերի գնահատման կարողությունների զարգացումը, կլիմայական գործոնների առավել համակարգված ինտեգրումը մակրոֆիսկալ քաղաքականության մեջ, ֆիսկալ ռիսկերի կառավարման գործիքակազմի կատարելագործումը, ինչպես նաև պետական ներդրումների արդյունավետության բարձրացումը։
Միաժամանակ ընդգծվել են ծրագրերի գնահատման համակարգերի բարելավման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման կարևորությունը, համընդհանուր հայտարարագրման համակարգի զարգացումը, կրիպտոակտիվների հարկման շրջանակների կատարելագործումը և էլեկտրոնային առևտրի վերահսկողության ուժեղացումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ազգային հաշիվների և վիճակագրական կարողությունների զարգացմանը՝ տվյալների որակի և վերլուծական ներուժի շարունակական բարձրացման նպատակով։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու փոխգործակցությունը, ինչպես նաև ընդլայնելու համատեղ նախաձեռնությունների շրջանակը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը և երկարաժամկետ ներառական զարգացման ապահովմանը։