Ջրային պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի որսած 350 կգ սիգ են հայտնաբերել

ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 11-րդ կմ-ին կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա բեռնած «ԳԱԶ» էվակուատորը: Ստուգմամբ պարզվել է, որ «Օպելի» սրահում կա ապօրինի որսած 230 կգ սիգ տեսակի ձուկ: Ծովագյուղ գյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, որ ձկները գնել է Մեծ Մասրիկ բնակավայրի մոտակայքից:

Նույն օրը՝ ժամը 4․50-ի սահմաններում, ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ երթևեկության հակառակ ուղղությամբ, նկատել են կայանված «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Մինչ պարեկային ծառայողները հետադարձ կատարելով մոտեցել են նշված հատված՝ մեքենաներն արդեն հեռացել էին: Մոտակայքում պարեկները հայտնաբերել են պլաստմասե արկղեր, որոնցում 120 կգ սիգ տեսակի ձկներ կային:

Հայտնաբերված ընդհանուր 350 կգ ձկները հանձնվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։

Leave a comment