2025թ-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) €426 միլիոնի ռեկորդային ներդրում է կատարել Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակում։
«2025 թվականը նշանավորվեց Հայաստանի հետ մեր գործընկերության ռազմավարական նոր փուլի մեկնարկով։ Ընդլայնեցինք մասնավոր հատվածին տրամադրվող մեր աջակցությունը՝ նոր հնարավորություններ ստեղծելով երիտասարդների, կանանց եւ փախստականների համար։ Այս նախաձեռնությունները կարեւոր դերակատարություն են ունեցել Հայաստանի տնտեսության ուժեղացման, վերջինիս ֆինանսական համակարգի եւ կապիտալի շուկաների ուժեղացման, կանաչ ծրագրերի առաջխաղացման, ենթակառուցվածքների բարելավման, փախստականների ինտեգրումը խթանելու եւ ի վերջո, բոլոր քաղաքացիների համար կյանքի որակը բարելավելու իմաստով»,- ասել է ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Նշվում է, որ բանկը նաեւ €30 միլիոն տրամադրելու հանձնառություն է ստանձնել Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի զարգացման, Հայաստանի մաքսային համակարգի արդիականացման եւ տնտեսական կապերի ամրապնդման համար:
2025 թվականի վերջին ՎԶԵԲ-ի ծրագրերի ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 242-ի՝ ընդհանուր €2.8 միլիարդի ներդրումներով։ Այդ ներդրումների 85%-ն ուղղվել է մասնավոր հատվածին: