Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին

Քաղաքականություն

10.04.2026 | 20:22

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պահանջելով հրադադար հաստատել Լիբանանում և ազատել «արգելափակված ակտիվները»՝ նախքան որևէ բանակցություն սկսելը։

«Կողմերի միջև փոխադարձ համաձայնեցված միջոցառումներից երկուսը դեռևս չեն իրականացվել՝ Լիբանանում հրադադարը և Իրանի արգելափակված ակտիվների ազատումը բանակցությունների մեկնարկից առաջ։ Այս երկու կետերը պետք է կատարվեն բանակցությունների մեկնարկից առաջ»,- գրել է նա X-ում։

Արգելափակված ակտիվների ազատման պահանջը կրկնվող հարց է եղել անցյալ բանակցություններում, սակայն առաջին անգամ է, որ այն բարձրացվում է որպես առաջիկա հրադադարի բանակցությունների նախապայման։

Իրանը և միջնորդ Պակիստանը պնդում են, որ Լիբանանը, որը շարունակում է ենթարկվել Իսրայելի հարձակմանը, ներառված է եղել այս շաբաթ ուժի մեջ մտած հրադադարի որոշման մեջ, սակայն ԱՄՆ պաշտոնյաները և Իսրայելը հերքել են այդ պնդումը։ ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություննեը նախատեսված են վաղը՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment