Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․ «Հայաստանի արտաքին առևտրի 35-40%-ը պաշտոնապես բաժին է ընկնում Ռուսաստանին»։
Նաև ընդգծել է, որ իրական մասնաբաժինը կազմում է շուրջ 60 տոկոս (նկատի ունի միջնորդավորված առևտուրը կամ վերաարտահանումը-հեղ․): Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը չպետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը կհակասի իր տնտեսական շահերին: Նա կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի և առևտրաշրջանառության պահպանումը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառության ցուցանիշները՝ Քոչարյանի և ներկա իշխանության պաշտոնավարման տարիներին։
ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը Քոչարյանի օրոք
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2001 թ․-ին* կազմել է ընդհանուր արտաքին առևտրի 19.2%-ը։
Հաջորդող 2002-2006 թթ․-ին այս ցուցանիշը շարունակաբար նվազել է։
Աճ գրանցվել է միայն Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարիներին․ 2008 թ․-ին ՌԴ մասնաբաժինը կազմել է 19.5%։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության գումարային չափին, ապա այն
- 2001 թ․-ին կազմել է 234 մլն դոլար,
- 2008 թ․-ին՝ մոտ 1.1 մլրդ դոլար։
*Ռ․ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1998-2008 թթ․։ Առաջին տարիների ցուցանիշները վերը չեն ներառվել, քանի որ այդ ժամանակահատվածում վիճակագրությունը ներկայացված է այլ ձևաչափով։
ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը՝ Փաշինյանի օրոք
2018 թ․-ին ՀՀ-ՌԴ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր արտաքին առևտրի 26.1%-ը։
Հաջորդող տարիներին այս ցուցանիշը շարունակաբար աճել է՝
Գումարային արտահայտությամբ այն կազմել է․
- 2018 թ․ → 1.9 մլրդ դոլար,
- 2023 թ․ → 7.3 մլրդ դոլար,
- 2024 թ․ → 12.4 մլրդ դոլար,
- 2025 թ․ → 7.6 մլրդ դոլար։
Տվյալները ցույց են տալիս, որ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության մասնաբաժինը ընդհանուր արտաքին առևտրում աճել է։
FIP.am-ն ուսումնասիրել է նաև ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ցուցանիշները՝ երկու ղեկավարների պաշտոնավարման տարիներին։
ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը (2001-2008թթ․)
2001 թ․-ին ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է արտաքին առևտրի 27.9% կամ մոտ 340.5 մլն դոլար։
2008 թ․-ին այն հասել է
- 35.3%,
- մոտ 1.9 մլրդ դոլարի։
ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը (2018-2025)
2018 թ․-ին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության տոկոսային բաղադրիչը ընդհանուր արտաքին առևտրում կազմել է 24.8%։ Հաջորդող տարիներին այս ցուցանիշը նվազել է՝ 2024 թ․-ին հասնելով 7.7%։
2025 թ․-ին արձանագրվել է աճ՝ ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության մասնաբաժինը 7.7%-ից հասնելով 11.7%-ի։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության գումարային ցուցանիշներին, ապա այն վերջին տարիներին աճել է՝ 2018-ին գրանցված 1.8 մլրդ դոլարից հասնելով 2.5 մլրդ դոլարի։
*Վիճակագրական տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի տարեկան հրապարակումներից։ Հարկ է նշել, որ վերոնշյալ տարիների ընթացքում ԵՄ երկրների կազմը որոշակի փոփոխություններ է կրել։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է, երբ ասում է, որ «Հայաստանի արտաքին առևտրի 35-40%-ը պաշտոնապես բաժին է ընկնում Ռուսաստանին»։ Սակայն ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը այդքան կարևորող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև առևտրի մասնաբաժինը ընդհանուրի մեջ եղել է ավելի ցածր, քան Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։
Գայանե Մարկոսյան
Գլխավոր լուսանկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով
The post Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը appeared first on FIP.AM.