«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գարնանային և ամառային ամիսները մարտահրավերներ են լինելու Ուկրաինայի համար, քանի որ Կիևը ճնշման է բախվելու ինչպես մարտադաշտում, այնպես էլ դիվանագիտական ​​մակարդակով։ Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի դաշնակիցները խնդրել են Կիևին կրճատել ռուսական նավթային ոլորտի դեմ հարձակումները, քանի որ համաշխարհային գները կտրուկ աճել են Իրանի հետ պատերազմի և Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Նա, սակայն, չի նշել այն երկրների անունները, որոնք դիմել են նման խնդրանքով, գրում է BBC-ն։

Ըստ Զելենսկիի՝ եթե Ռուսաստանը ցանկանում է լիցքաթափել իրավիճակը, ապա պետք է դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա իր սեփական հարվածները և համաձայնի վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները Վաշինգտոնի միջնորդությամբ։ Նա ընդունել է, որ ԱՄՆ-ը ներկայում ավելի քիչ ժամանակ է հատկացնում Ուկրաինայում խաղաղության գործընթացին։

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ այս ամռանն ԱՄՆ-ում սկսվում է միջանկյալ ընտրությունները փուլը։

«Այսինքն՝ այս գարուն-ամառ ժամանակահատվածը բավականին դժվար կլինի քաղաքական և դիվանագիտական ​​առումով։ Կարող է ճնշում լինել Ուկրաինայի վրա։ Եվ ճնշում կլինի նաև մարտադաշտում։ Բայց մենք հասկանում ենք Ուկրաինայի ազգային շահերը և այն, ինչը կարող է երաշխավորել անվտանգությունը։ Ես կարծում եմ, որ մեզ համար շատ դժվար կլինի մինչև սեպտեմբեր։ Իմ կարծիքով՝ այս մարդիկ պատրաստ չեն պատերազմը դադարեցնել: Կա նաև հասարակության մի հատված, որը վատ կարձագանքի սրմանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա կարծում է, որ կա երկու սցենար՝ հակամարտության սրացում և ապաէսկալացիա:

«Եվ շուտով կտեսնենք, թե որ սցենարն է ընտրում Պուտինը։ Եթե Ռուսաստանն ընտրի լարվածության թուլացումը, կարծում եմ՝ եռակողմ հանդիպում կլինի։ Եվ նրանք կփորձեն այն անցկացնել ապրիլին, մայիսին կամ հունիսին»,- ենթադրություն է հայտնել Զելենսկին։

Նա կրկին կոչ է արել՝ մեծացնել Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը, նաև հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում ժամանակավորապես մեղմացված ԱՄՆ պատժամիջոցները լիովին կվերականգնվեն։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան «նշանակալի առաջընթաց է գրանցել» վնասված «Դրուժբա» նավթամուղի վերականգնման գործում և այս գարնանը կավարտի վերանորոգումը։

«Մենք կավարտենք վերանորոգումը, քանի որ պայմանավորվել ենք։ Ես նրանց ասացի, որ կավարտենք այս գարնանը։ Այնտեղ արդեն շատ բան է արվել։ Իհարկե, վնասված ջրամբարներն արագ չեն կարող վերանորոգվել», – ասել է  Զելենսկին։

«Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա և Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցումը սրել է Բուդապեշտի և Կիևի միջև հակամարտությունը։ Հունգարիայի իշխանություններն արգելափակել են Ուկրաինային ԵՄ-ի կողմից նախկինում համաձայնեցված վարկը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ մեղադրելով Ուկրաինային խողովակաշարով մատակարարումները դիտավորյալ արգելափակելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment