Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ ծրագրում Եկեղեցուն վերաբերող դրույթները

Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ «մերժելի դրույթների ընդգրկումը»:

«Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման եւ կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։
Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով եւս մեկ անգամ դրսեւորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը եւ նպատակը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգեւոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը եւ եկեղեցական անդաստանում որեւէ բարեկարգում բացառապես հոգեւոր-կանոնական տիրույթում են, ուստի եւ դուրս են քաղաքական կուսակցությունների եւ պետական իշխանությունների իրավասություններից։
Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է եւ բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը եւ խաթարում հոգեւոր անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Leave a comment