Փաշինյանի մոսկովյան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն. «Փաստ»

Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:

Փաշինյանի այս վերջին մոսկովյան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:

…Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:

Ու այդ ամենը… հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment