Լուրեր |
Շիրղոլամին նաև անդրադարձել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման ծրագրին։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո Իրանի և Հայաստանի միջև առևտուրը որոշ չափով տուժել է, սակայն էական բացասական ազդեցություն չի ունեցել։
Դեսպանը այս մասին խոսել է ապրիլի 7-ին Երևանի պետական համալսարանում կայացած միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակվում է բնականոն ընթացքով․ սահմանը բաց է, և տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ ավտոբուսներն ու բեռնատարները, շարունակում են անցնել։
Շիրղոլամին նաև անդրադարձել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման ծրագրին՝ նշելով, որ այն կնպաստի տնտեսական կապերի խորացմանը։
Դեսպանի խոսքով՝ նախագիծը համատեղ է, և այս հարցով մշտական կապ կա հայ պաշտոնյաների հետ։
Նա ընդգծել է, որ նոր տարանցիկ ուղիների, այդ թվում՝ հնարավոր երկաթուղային կապերի ակտիվացումը կարող է զգալիորեն նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։