Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հրավերով «Առաքելություն Հայաստան» հասարակական-բարեգործական կազմակերպության սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչները հատուկ հյուրեր էին Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Հանդիպումն անցել է ջերմ, բովանդակալից ու վստահության մթնոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ ու խորհրդատվություն հոգեբաններից, բժիշկներից ու ոլորտի մյուս մասնագետներից։
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության, ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար՝ հյուրերը կարևորել են նման նախաձեռնությունների շարունակականությունը։
Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական նյութեր, որոնք նպաստելու են նրանց իրազեկվածության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը։