Ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Ապրիլի 1-ին, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք է կիրառել։
Նշվում է, որ այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։
«Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:
Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։
Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները»,- նշված է հայտարարության մեջ:
Պաշտպանի դիրքորոշումն է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Պաշտպանի համոզմամբ՝ կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:
«Տենց չնայես ինձ»,- ասել է երիտասարդը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո երկու քաղաքացի բերման են ենթարկվել։
The post ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին appeared first on CIVILNET.