Մոսկվան բանակցություններ չի վարում ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու համար։ Այս մասին ապրիլի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«2008-ին կնքված կոնցեսիոն համաձայնագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է այս պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները հանրապետական ճանապարհային ենթակառուցվածքում կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Ինչ վերաբերում է բարձր մակարդակի բանակցություններին, ապա նախագահի աշխատակազմը, ինչպես միշտ, մեկնաբանում է դրանք», – ասել է Մարիա Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի պարզաբանումներին նախորդել էին հայկական մամուլում շրջանառվող լուրերն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտարարել էր, որ հայկական կողմը դեմ չի լինի, եթե պարզվի, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունն ընդունելի է երկու կողմի համար։
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», – ասել էր վարչապետը։
Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։ Մինչ օրս այս հարցով հայկական կողմը հաստակ արձագանք չունի Ռուսաստանից։
Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար:
The post Մոսկվան բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու համար․ Զախարովա appeared first on CIVILNET.