Դավիթ Մինասյանը գիտակցությունը կորցրել է ՔԿՀ-ի ճանապարհին. նրան հետազոտել և դուրս են գրել հիվանդանոցից

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։ Նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Փաստաբանները լրագրողներին հայտնեցին, որ հիվանդանոցում Դավիթին ուլտրաձայնային հետազոտություն են կատարել և դուրս են գրել։ Տղային կրկին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

«Բժիշկներին խնդրեցինք սպասել մինչև մայրը Դավիթի բժշկական փաստաթղթերը բերի․․․ բա ժշիշկները չսպասե՞ն։ Կարող է այդ երեխան КТ-ի կարիք ունի։ Դավիթն առողջական խնդիրներ ունի։ Նա ալերգիա ունի։ Նա երեկվանից ոչինչ չի կերել։ Հասցրել է միայն ասել, որ ալերգիա ունի, ոչինչ չներարկեն իրեն։ Հիմա բժշկական փաստաթղթերը կտանենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- ասացին փաստաբանները։

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:

«Տենց չնայես ինձ»,- ասել է երիտասարդը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո երկու քաղաքացի բերման են ենթարկվել։

Այսօր՝ ապրիլի 1-ին, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք է կիրառել։

Մարտի 31-ին Դավիթի եղբորը՝ Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)։

Այս նույն գործով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ, ով նույնպես ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

The post Դավիթ Մինասյանը գիտակցությունը կորցրել է ՔԿՀ-ի ճանապարհին. նրան հետազոտել և դուրս են գրել հիվանդանոցից appeared first on CIVILNET.

Leave a comment