Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հայտնել է, որ ապրիլի 1-ին կկայանան ռուս-հայական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։

«Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումներն աշխատանքային նախաճաշի ժամանակ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նախօրեին կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։

Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ նախատեսվող հանդիպմանը հայտարարել էր, որ ինքն է հանդիպում խնդրում Ռուսաստանի նախագահից, քանի որ այլ հակառակը մտածել կնշանակի իրականության զգացումը կորցնել։

«Ինչքան հանդիպում եղել է՝ 90 տոկոսը ես եմ խնդրել։ Այդ հանդիպումները ես խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»,- ասել էր Փաշինյանը։

The post Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով․ Պեսկով appeared first on CIVILNET.

Leave a comment