Ոստիկանության զանգերի մասին լուրերը հերքվում են․ ի՞նչ պետք է իմանալ ընտրացուցակների ճշգրտման մասին

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել էր, թե ոստիկանության ծառայողները զանգահարում են քաղաքացիների տներ և ճշտում բնակիչների տվյալները՝ այդ թվում՝ տվյալ հասցեում քանի մարդ է բնակվում, ովքեր են, ինչ տարիքի են, ինչպես նաև՝ արդյո՞ք կան հաշվառված, բայց այդ հասցեում փաստացի չբնակվող քաղաքացիներ։

«Փաստերի ստուգման հարթակը» Ներքին գործերի նախարարությունից փորձել է պարզել՝ արդյոք քաղաքացիներին զանգեր արվում են և եթե այո, ապա ինչ նպատակով։ 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ի պատասխան տեղեկացրել է, որ քաղաքացիների տներ զանգեր չեն կատարվում, փոխարենը համայնքային ոստիկանները այցելում են բնակիչների հասցեներ։

«Ոստիկանություն-համայնք կապն ավելի ամրապնդելու և բավարար մակարդակի հասցնելու, անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ վստահության կայուն մթնոլորտ ձևավորելու, ինչպես նաև՝ ոստիկանության առջև դրված կանխարգելիչ բնույթի գործառույթների իրականացման նպատակով համայնքային ոստիկանության կողմից կազմակերպվել են համայնքի բնակիչների հասցեներով ամենօրյա պարբերական այցելություններ՝ ուղղված՝ անմիջական շփման ակտիվացմանը և փոխհամագործակցության ամրապնդմանը։ Նշված գործընթացն իրականացվել է բացառապես հասցեներ այցելելով: Բացի այդ, համայնքային ոստիկանության ծառայողների կողմից սույն գործընթացն իրականացնելու ժամանակ քաղաքացիների՝ տվյալ հասցեներում բնակվելու հանգամանքն ստուգելու նպատակով նրանց հեռախոսազանգեր չի կատարվել»,- հավելել է ՆԳՆ ներկայացուցիչը:

ՆԳՆ-ից նաև տեղեկացրել են, որ 2026 թվականի մարտի 10-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում համայնքային ոստիկանները այցելել են 45.054 հասցե։ 

Այսպիսով, ՆԳՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ոստիկանության ծառայողները զանգեր են անում քաղաքացիներին՝ նշելով, որ իրականացվել են բացառապես այցելություններ։

Քննարկումներ ընտրողների ցուցակի վերաբերյալ

Այս թեմային զուգահեռ, ընտրություններին նախորդող շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև ընտրողների ցուցակների վերաբերյալ քննարկումները։

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակները կազմում է լիազոր մարմինը՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Այս մարմինը ընտրությունների նշանակման օրվանից սկսած իրականացնում է ընտրողների ռեգիստրի ստացման, ընտրողների ցուցակների ճշգրտման, անճշտությունների հայտնաբերման և շտկման աշխատանքներ:

Փաստացի, ՀՀ ՆԳՆ-ն պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար: 

Իրազեկում․ եթե ձեր հասցեում հայտնաբերում եք անծանոթ կամ մահացած անձանց տվյալներ, կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ դրանք հաշվառումից հանելու համար։ Նույն մարմին կարող եք դիմել նաև անձը հաստատող ժամկետանց փաստաթուղթը փոխանակելու համար։

Այս գործընթացը կարևոր է հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում։ ՆԳՆ կողմից իրականացվող ճշգրտումները վերաբերում են ընտրողների ռեգիստրի թարմացմանը, որի հիման վրա կազմվում են ընտրողների ցուցակները։ Նախատեսվում է, որ թարմացված ցուցակները կհրապարակվեն ապրիլի վերջին։

Միևնույն ժամանակ, ընտրողների ցուցակների ճշգրտումը նշանակություն ունի ոչ միայն առաջիկա համապետական, այլև աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ Օրենսդրությամբ սահմանված ժամկետների համաձայն՝ որոշ դեպքերում հաշվի է առնվում անձի հաշվառումը տվյալ հասցեում՝ օրինակ՝ առնվազն վեց ամիս կամ մեկ տարի ժամկետով։

Արեն Նահապետյան

The post Ոստիկանության զանգերի մասին լուրերը հերքվում են․ ի՞նչ պետք է իմանալ ընտրացուցակների ճշգրտման մասին appeared first on FIP.AM.

Leave a comment