Ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները պարկեշտ և ինտելիգենտ ընտանիքից են: Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում` գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:

Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, և նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։ Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաև Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:

Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու»։

Leave a comment