Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
«Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։
Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:
«Տենց չնայես ինձ»,- ասել է երիտասարդը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո երկու քաղաքացի բերման են ենթարկվել։
ՆԳՆ-ից հայտնել են, որ «Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի»։
The post ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներին appeared first on CIVILNET.