Սպանությունից 5 ամիս անց Հայաստանում հուղարկավորել են Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովային։
Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ` առանց շիրմաքարերի։
Հուղարկավորությանը մասնակցել են Այշաթի ընկերները, լրագրողներ, ակտիվիստներ։
Այշաթ Բայմուրադովայի մարմինը հայտնաբերվել էր եռօրյա որոնումներից հետո 2025-ին հոկտեմբերին Երևանում։
Սպանությունից 4 ամիս անց՝ փետրվարին, Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։
Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանում։
Բայմուրադովան Հայաստանի իշխանություններից, ըստ ընկերների, քաղաքական ապաստան չէր խնդրել։ Չեչնիայում նա չի հաշտվել բռնատիրական կարգերի հետ։
Մանրամասներ հայտնի չեն, թե անձնական ինչ խնդիրներ է ունեցել Այշաթ Բայմուրադովան Չեչնիայում։
The post Սպանությունից 5 ամիս անց Այշաթ Բայմուրադովային հուղարկավորել են Հայաստանում appeared first on CIVILNET.