Ալեն Սիմոնյանի հետ փոխադարձ հայհոյանքներից հետո ոստիկանները բերման ենթարկեցին երկու հոգու

Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։

Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինս էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել, ապա հրահանգել է բերման ենթարկել նրան։

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը:

Միջադեպի վայրից հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ բերման են ենթարկում «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանին։ ՆԳՆ-ից այս տեղեկությունը դեռ չեն պարզաբանել, խոսնակը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Ալեն Սիմոնյանն ավելի ուշ փորձեց հերքեց, թե հայհոյանք է հնչեցրել, պնդելով, թե «արա»-ից բացի այլ բան չի ասել. «Մոտեցա, զրուցեցինք, իրենք իրենց խնդիրները հայտնեցին: Երբ արդեն հեռանում էի, ինձ ընդառաջ էր գալիս ինձ քաջ հայտնի Միկա անունով ոմն անձնավորություն, ով համացանցում բազմաթիվ տեսանյութեր է անում, այդ թվում՝ երեխայիս դպրոցի մոտ, երբ գնացել էի հանդեսին: Ես որևէ ցանկություն չունեի իր հետ առնչվել և առաջարկեցի իրեն հնարավորինս հեռու մնալ ինձնից՝ միգուցե մի քիչ կոպիտ: Բայց այդ կոպտությունը որևէ սեռական բնույթի հայհոյանք իր մեջ չի պարունակել. «արա» բառից բացի որևէ այլ բան չի եղել: Երբ նա սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին, անընդհատ մոտ գալ ու սադրել, հենց ինքը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ինչը երևում է տեսանյութում: Այդ ընթացքում ևս մեկ անձնավորություն մոտեցավ, ով, ինչպես հետո պարզվեց, ինչ-որ կուսակցության ղեկավար է: Նա եկել էր իր ընկերոջ «բարի համբավը» պաշտպանելու և սկսեց թռնել իմ ուղղությամբ, որին ոստիկանները հեռացրեցին: Դրանից հետո նորից հանդիպեցի անհայտ կորածների հարազատներին, զրույց ունեցանք իրենց խնդրի հետ կապված և պայմանավորվեցինք, որ ես կճշտեմ ու կփոխանցեմ իրենց: Իրավիճակը լարված էր, որովհետև այդ սադրանքն ու խուլիգանությունն արդեն նյարդ էր մտցրել հավաքված ժողովրդի մեջ»:

Մինչդեռ միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում է, պատասխանը տալիս եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment