Իսպանիայում էվթանազիայի կենթարկեն խմբակային բռնաբարության զոհ դարձած և կաթվածահար վիճակում հայտնված 25-ամյա աղջկան․ նա դատվում էր հոր հետ

25–ամյա իսպանուհին շուրջ 2 տարի դատարանների միջոցով պայքարում էր սեփական կյանքին ինքնակամ վերջ տալու իրավունքի համար


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 26-ին, Իսպանիայում 25-ամյա Նոելիա Կաստիլյո Ռամոսին էվթանազիայի կենթարկեն (բժշկական միջամտություն է, որի նպատակն է դադարեցնել անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու կյանքը) այն բանից հետո, երբ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացել է դրա իրավունքը։


Այս մասին հայտնում է nv.ua–ն՝ հղում անելով Diario de Sevilla և La Nacion պարբերականներին։


Նոելիա Կաստիլյո Ռամոսը դարձել էր խմբակային բռնաբարության զոհ, ինչից հետո 2022 թվականի հոկտեմբերի 4-ին փորձել էր ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով հինգերորդ հարկի պատուհանից։ 2024 թվականին աղջկա մոտ ախտորոշվել էր անդառնալի պարապլեգիա՝ մարմնի ստորին հատվածի լրիվ կաթված։


Մոտ 20 ամիս աղջիկը տարբեր ատյանների դատարաններում պայքարում էր սեփական հոր դեմ, ով դեմ էր դստեր՝ էվթանազիայի ենթարկվելու որոշմանը, որպեսզի ստանա իր կյանքը դադարեցնող պրոցեդուրան անցնելու իրավունքը։ Այս ամիսների ընթացքում Կաստիլյոն հասել է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը, ինչպես և Իսպանիայի Սահմանադրական դատարանը, կայացրեց որոշում, որը թույլ տվեց 25-ամյա աղջկան ցանկության դեպքում անցնել էվթանազիայի պրոցեդուրա։


«Նոելիան ունի լիարժեք լիազորություններ և ինքնավարություն՝ սեփական կյանքին վերաբերող հարցերը լուծելու համար», — ասված է դատարանների որոշումներում։


Վերջին օրը Նոելիա Կաստիլյո Ռամոսը կանցկացնի ընտանիքի շրջապատում։ Աղջկա մայրը՝ Յոլանդա Ռամոսը, պատմել է, որ չի աջակցում էվթանազիային և հույս ունի, որ վերջին պահին դուստրը կփոխի միտքը, սակայն կինը հավելել է, որ մինչև վերջ կլինի Կաստիլյոյի կողքին և կսատարի նրան մինչև վերջին պահը։


 


Leave a comment