Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կցուցադրվի Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջնական որոշում կա․ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Ուզում եմ ասել, որ մենք այս թեմայով աշխատում և աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսն, ընդհանրապես, շատ նուրբ երևույթ է և կարող է նաև խաղաղության օրակարգից շեղվելու, դրանից հրաժարվելու տպավորություն ստեղծի, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես հրաժարում խաղաղության օրակարգից»,- նշեց վարչապետը։