Գաբրիելա Ալվարես Մինթե. Ընտանիքները փոխվում են, բայց պակաս կարեւոր չեն դառնում

ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածարջանային գրասենյակի գենդերային հարցերով խոհրադական Գաբրիելա Ալվարես Մինտեի հարցազրույցը Մեդիամաքսին:
– Կցանկանայի հարցազրույցը սկսել 2025 թվականի մայիսին հրապարակված ձեր հոդվածից, որը վերջերս կարդացի։ Այնտեղ նկարագրում եք, թե ինչպես են ընտանիքները աստիճանաբար հեռանում ավանդական կառուցվածքից եւ դառնում ավելի բազմազան՝ ներառելով միայնակ ծնող ունեցող ընտանիքներ, չամուսնացած զույգեր եւ ընտանիքներ, որտեղ կան նաեւ նախկին ամուսնություններից երեխաներ։
Ինչպես գիտեք, հայ հասարակությունը դեռեւս մեծապես առաջնորդվում է ավանդական ընտանիքի իդեալականացված մոդելով։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենաարդյունավետ ճանապարհը, որպեսզի Հայաստանը սկսի ճանաչել եւ աջակցել այս բազմազանությանը՝ միաժամանակ խուսափելով հասարակության ներսում քաղաքական, սոցիալական կամ մշակութային լարվածություն առաջացնելուց։
– Նախ՝ պետք է գիտակցենք, որ այս ավանդական «իդեալական ընտանիքը» միշտ էլ եղել է հենց իդեալականացված պատկեր՝ նորմատիվ մոդել, այլ ոչ թե իրականության լիարժեք արտացոլում։ Ընտանեկան բազմազանությունը միշտ էլ գոյություն է ունեցել։ Քանի որ հասարակությունները դարերի ընթացքում փոխվել են, փոխվել են նաեւ ընտանիքների ձեւավորման եւ ընկալման եղանակները։ Փոխվել է ոչ միայն ընտանիքի կազմը, այլեւ ընտանիքների ներսում հարաբերությունների բնույթը։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի ավելի հավասար եւ պակաս հիերարխիկ մոդելներ։ Թեեւ մեծահասակների եւ երեխաների միջեւ հիերարխիան դեռեւս պահպանվում է, փոփոխվում են ոչ միայն ընտանիք կազմելու ձեւերը, այլեւ այն, թե ինչպես ենք ապրում եւ փոխհարաբերվում ընտանիքի ներսում։ 
Եվ սա իսկապես կարեւոր է։ Ընտանիքները փոխվում են, բայց դա չի նշանակում, որ դրանք դառնում են պակաս կարեւոր։ Ընտանիքը շարունակում է մնալ խնամքի, սիրո եւ բարեկեցության հիմնական աղբյուրը։ Ուստի, նույնիսկ եթե ընտանիքների ձեւերը փոխվում են, դրանց նշանակությունը չի նվազում։ Սա կարեւոր փաստարկ է ընտանեկան կառուցվածքների փոփոխության վերաբերյալ մտահոգությունները քննարկելիս. ընտանիքները կշարունակեն կարեւոր դեր ունենալ, քանի որ հենց այնտեղ են մարդիկ մեծանում, ձեւավորում իրենց ինքնությունը եւ կառուցում խոր հուզական կապեր։
Ընտանիքի իդեալականացված պատկերը վերանայելիս պետք է նաեւ ընդունել, որ ընտանիքները երբեմն կարող են նպաստել մեկուսացման եւ խտրականության վերարտադրմանը՝ հատկապես կանանց, երեխաների եւ տարեցների նկատմամբ։
Ավանդական իդեալի հետեւում հաճախ անտեսվում է այն փաստը, որ ընտանիքը կարող է լինել նաեւ վեճերի, անհավասար հարաբերությունների եւ երբեմն՝ բռնության վայր։ Կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության բարձր մակարդակը այս իրողության հստակ վկայությունն է։
Հետեւաբար, ընտանեկան կառուցվածքների վերանայումը նաեւ նշանակում է հարցականի տակ դնել, թե իրականում ինչ ենք հասկանում «ավանդական իդեալական ընտանիք» ասելով։ Արդյո՞ք այդ պատկերացումը համապատասխանում է նրան, թե ինչպես են մարդիկ ապրում այսօր։ Եվ արդյո՞ք այն իսկապես նպաստում է ընտանիքի բոլոր անդամների բարեկեցությանը, թե՞ միայն որոշների։
ՄԱԿ-ի տեսանկյունից առաջնային է երեք սկզբունք։ 
Առաջինը՝ պետք է ընդունել, որ ընտանիքները պաշտպանության եւ աջակցության կարիք ունեն, քանի որ դրանք կարեւոր սոցիալական միավորներ են։ 
Երկրորդը՝ պետք է հասկանալ, որ հասարակությունների փոփոխության հետ մեկտեղ առաջանում են բազմազան ընտանեկան ձեւեր, որոնք պաշտպանության եւ աջակցման նույնքան իրավունք ունեն, որքան ավանդական ընտանիքները։ Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր ընտանեկան ձեւ պետք է դիտարկել հավասարության եւ խտրականությունը բացառելու սկզբունքների շրջանակում։
Կարեւոր է նաեւ հասկանալ, թե ով է պատկանում ընտանիքին եւ արդյոք ընտանիքի ներսում հարաբերությունները իրականում պաշտպանում են դրա անդամներին թե ոչ, քանի որ ոչ բոլոր ընտանիքներն են նպաստում իրենց բոլոր անդամների բարեկեցությանը։ Դրա պատճառով էլ գոյություն ունեն սեռով պայմանավորված, զուգընկերոջ, երեխաների նկատմամբ բռնություն, ինչպես նաեւ կանանց ու աղջիկների համար սահմանափակ հասանելիություն ռեսուրսներին։ 
Ամփոփելով՝ կարելի է ասել հետեւյալը․ նախ՝ ընտանիքները կփոխվեն հասարակությունների զարգացման հետ համընթաց եւ կշարունակեն մնալ մարդկանց կյանքի կարեւոր մասը։ Երկրորդ՝ համընդհանուր, ավանդական իդեալական ընտանիքը երբեք մոնոլիտ եւ համընդհանուր չի եղել։
Երրորդ՝ երբ մտածում ենք ընտանիքների մասին, պետք է ընդունենք, որ դրանք մարդկանց համար չափազանց կարեւոր վայր են, բայց միեւնույն ժամանակ հիշենք, որ ընտանիքները, ինչպես ցանկացած հասարակական ինստիտուտ, պարտավոր են հարգել իրենց բոլոր անդամների հավասարությունը։ Սա է իմ տեսակետը։
– Երբ խոսում ենք ավանդույթների եւ կարծրատիպերի մասին, հետաքրքիր է, թե որքան հաճախ են այս երկուսը միախառնվում։ Կարծրատիպերը երբեմն ներկայացվում են որպես ավանդույթներ, իսկ երբեմն՝ ավանդույթների միջոցով պահպանվում են կարծրատիպերը։
Հայաստանում եւ ամբողջ տարածաշրջանում դեռ պահպանվում են ուժեղ գենդերային նորմերը։ Առնականությունը հաճախ կապվում է «հաց վաստակողի» դերի հետ, իսկ կանացիությունը՝ խնամքի եւ տնային գործերի։ Տղամարդկանցից ակնկալվում է լինել ուժեղ «մատակարարներ», իսկ կանայք համարվում են խնամքի հիմնական պատասխանատուները։
Հիմնվելով այս տարածաշրջանում ձեր փորձի վրա՝ ո՞ր մոտեցումներն են արդյունավետ եղել այս նորմերը փոխելու հարցում։ Մենք հասկանում ենք, որ նման վերաբերմունքը չի փոխվում մեկ գիշերվա ընթացքում եւ չի կարող լուծվել ուղղակի ճնշման միջոցով։ Դրա փոխարեն անհրաժեշտ են մտածված, աստիճանաբար իրականացվող ռազմավարություններ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է աշխատել, եւ ի՞նչը՝ ոչ։
– Ես ուզում եմ վերադառնալ ավանդույթի գաղափարին։ Ավանդույթն ինքնին մոնոլիտ չէ. այն մշտապես փոխվում է։ Երբ է ստեղծվել ավանդույթը՝ դժվար է ասել։ Որոշ ժամանակներում մենք պարզապես ընտրել ենք, թե որ սովորույթներն ենք համարում մեր համայնքի կամ պատկերացրած համայնքի մաս։
Առնականությունը նույնպես մոնոլիտ չէ։ Տղամարդկության ինքնությունը արտահայտվում է բազմաթիվ ձեւերով: Բոլոր տղամարդիկ նույն կերպ չեն գործում։ Դա մեծապես կախված է նրանց տնտեսական վիճակից, բնակության վայրից, ռասայից, էթնիկ պատկանելությունից եւ այլ գործոններից։
«Տղամարդը որպես հաց վաստակող» գաղափարը տղամարդկության իդեալականացված մոդել է։ Այս մոնոլիտ պատկերացումը, թե ինչպես պետք է տղամարդիկ իրենց պահեն, վնասում է ոչ միայն կանանց, այլեւ հենց տղամարդկանց՝ ազդելով նրանց բարեկեցության, հուզական եւ հոգեկան առողջության վրա։
Եթե վերլուծենք այս գաղափարը, մասնավորապես՝ վաստակողի մոդելը, պարզ կդառնա, որ մարդիկ իրականում բազմաթիվ դերեր ունեն։ Մենք երբեք չենք սահմանափակվում մեկ դերով. տղամարդիկ կարող են գումար վաստակել եւ ընտանիք պահել, բայց միեւնույն ժամանակ որոշ ժամանակահատվածներում ավելի քիչ աշխատել եւ հոգ տանել իրենց երեխաների կամ տարեց ծնողների մասին։ Իրականում մարդկանց վարքագիծը հաճախ դուրս է գալիս առնական «վաստակողի» գաղափարի սահմաններից։
Սա անմիջականորեն կապված է գենդերային նորմերի հետ, որոնք մարդկանցից որոշակի ակնկալիքներ են սահմանում միայն նրանց սեռի հիման վրա։ Շատերը որոշակի կերպ են վարվում պարզապես այն պատճառով, որ կարծում են՝ հասարակությունն այդպես է սպասում իրենցից։ Առաջին քայլը պետք է լինի այդ ակնկալիքներին մարտահրավեր նետելը. արդյո՞ք դրանք իրատեսական են, արդյո՞ք մարդիկ իրականում այդպես են ապրում։ Այս ակնկալիքները հաճախ հիմնված չեն իրականության վրա, քանի որ մենք շատ բան ենք սպասում տղամարդկանցից եւ շատ բան՝ կանանցից, որոնք պարտադիր չէ, որ տեղավորվեն այս ստանդարտների մեջ։ Իրականում ավելի արդյունավետ է այս դերերին մարտահրավեր նետել դրական ձեւակերպմամբ։ Օրինակ՝ կասկածի տակ դնել վաստակողի մոնոլիտ դերը՝ ցույց տալով, որ երեխաների մասին հոգ տանելը կարող է նաեւ տղամարդկանց համար հուզական եւ անձնական օգուտ ունենալ։ 
Ակնհայտ է, որ մեղադրանքի կամ ամոթի վրա հիմնված մոտեցումները չեն աշխատում։ Տղամարդկանց ասելը, թե նրանք են մեղավոր կամ պարզապես պետք է հարմարվեն, արդյունավետ չէ։ Մենք գիտենք, որ նման մոտեցումները արդյունք չեն տալիս։ 
Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործընկերները իրականացրել են «Հայրիկների ակումբ» նախաձեռնությունը, որը հաջողությամբ մարտահրավեր է նետում վաստակողի մոդելին։ Ակումբի միջոցառումները տղամարդկանց հնարավորություն են տալիս ակտիվորեն ներգրավվել իրենց երեխաների կյանքում, ինչը ցույց է տալիս, թե որքան դրական ազդեցություն ունի նման մասնակցությունը ոչ միայն երեխաների, այլեւ իրենց անձնական կյանքի վրա։ Սա կոտրում է կարծրատիպերն ու փոփոխում ակնկալիքները, եւ հենց դա է արդյունավետը։
Ահա թե ինչու է դրական ազդակների փոխանցումն այդքան կարեւոր: Ահա թե ինչն է աշխատում: Հիմնական հարցը դառնում է. ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել, եթե սկսենք կասկածի տակ դնել այս ավանդական նորմերը:
– Հաջորդ հարցս կապված է նախորդների հետ եւ վերաբերում է ընտանեկան բռնությանը, որը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում։ Օրենսդրական մակարդակում արդեն որոշ առաջընթաց է գրանցվել. ընդունվել են օրենքներ, հասարակության վերաբերմունքը աստիճանաբար փոփոխվում է։ Այնուամենայնիվ, խնդիրը դեռ կա։ Մարտահրավերներից մեկը տարածված համոզմունքն է, որը հաճախ արդարացվում է որպես «ավանդույթ», թե «ոչ ոք չպետք է միջամտի ուրիշի ընտանիքի գործերին», նույնիսկ երբ ակնհայտ է, որ ինչ-որ բան այնտեղ սխալ է։
Այդ պատճառով ընտանեկան բռնության դեմ պայքարը պահանջում է ավելի լայն սոցիալական եւ մշակութային փոփոխություն, որպեսզի բռնությունը դառնա անընդունելի բոլորի համար։ Ո՞ր մոտեցումներ են առավել արդյունավետ։
– Նախեւառաջ, ուզում եմ ընդգծել, որ օրենքները շատ կարեւոր են, բայց դրանք ինքնին բավարար չեն։ Դրանք կարեւոր առաջին քայլն են պետության եւ կառավարության կողմից։ Օրենքները օգնում են ստեղծել ծառայություններ եւ գործիքներ բռնության զոհերին աջակցելու համար, ինչպես նաեւ հստակ ուղերձ են հղում քաղաքական եւ իրավական մակարդակում՝ ցույց տալով, որ բռնությունն անընդունելի է։
Այնուամենայնիվ, եթե նայենք սեռով պայմանավորված բռնության, այդ թվում՝ զուգընկերոջ կողմից բռնության եւ ընտանեկան բռնության շարունակական բարձր մակարդակին, կտեսնենք, որ միայն օրենսդրությունը խնդիրը չի լուծում։ Ինչպես արդեն նշեցի, բռնության ձեւերը խորապես կապված են գենդերային եւ սոցիալական նորմերի հետ, որոնք կամ հանդուրժում են, կամ վերարտադրում են բռնությունը։
Պետք է հարց տալ. ինչո՞ւ է ընդունելի, որ տղամարդը ծեծի իր կնոջը, զուգընկերուհուն, ընկերուհուն կամ նույնիսկ տարեց մորը։ Այս հարցը մեզ ստիպում է անդրադառնալ խնդրի արմատներին։
Այս պատճառները կապված են խտրականության եւ կանանց մեկուսացման հետ, սակայն, թերեւս, ամենադժվար խնդիրը տղամարդկանց եւ կանանց միջեւ իշխանության անհավասար հարաբերություններն են։ Երբ որոշ տղամարդիկ զգում են, որ վերահսկողություն կամ իշխանություն ունեն կանանց նկատմամբ, կարծում են, որ իրավունք ունեն «պատժել» նրանց, եթե վերջիններս չեն վարվում իրենց սպասելիքների համաձայն։ Սա մարտահրավեր է, բայց առանց դրա հաղթահարման ցանկացած լուծում անդրադառնում է միայն ախտանիշներին, ոչ թե խնդրի արմատներին։
Դրա համար առնականության մասին քննարկումները չափազանց կարեւոր են։ Բռնությունը վերացնելու արդյունավետ ռազմավարությունը պետք է կենտրոնանա ոչ միայն կանանց պաշտպանության վրա, այլեւ այն հարցի, թե ինչպես են տղամարդիկ ընկալում եւ արտահայտում իրենց տղամարդկությունը, ինչպես են նրանք վերաբերվում իրենց կյանքում կանանց։ Իշխանության այս անհավասարակշռությունը վնասում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց, քանի որ բռնարար վարքակերպը վնասում է ոչ միայն ուրիշներին, այլեւ հենց բռնացողին եւ նրա ունեցած հարաբերություններին։ Պետք է մտածել՝ ինչպես փոխել գենդերային նորմերը, բռնությունը դարձնել անընդունելի եւ անդրադառնալ դրա խորքային պատճառներին։ 
Իհարկե, անձնական փորձառությունները նույնպես կարեւոր դեր ունեն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մարդը մանկության ընթացքում տանը բռնության ականատես է եղել, ավելի հավանական է, որ մեծանալով ինքն էլ կարող է բռնարար դառնալ։ Կան նաեւ լրացուցիչ գործոններ՝ թմրամոլությունը կամ ալկոհոլի չարաշահումը։
Սակայն ավելի խորքային մակարդակում խնդիրը կապված է այն համոզմունքի հետ, որ տղամարդիկ իրավունք ունեն բռնություն կիրառելու, եւ դա կարող է արդարացված լինել։ Սա կապված է ուժի եւ իշխանության ընկալման հետ։ Այստեղ, խոսքը պարզապես տղամարդու կողմից «իշխանությունից հրաժարվելու» մասին չէ, այլ հասկանալու, որ այդպիսի իշխանության մոդելը թունավոր է թե՛ անձնական կյանքի, թե՛ կանանց հետ հարաբերությունների համար։ 
– Նույնիսկ այն դեպքում, երբ օրենքներն ընդունված են, մենք դեռ տեսնում ենք դեպքեր, հատկապես փոքր գյուղական համայնքներում, երբ ընտանեկան բռնության զոհերը բավարար աջակցություն չեն ստանում։
Օրինակ, կինը կարող է դիմել ոստիկանությանը եւ հայտնել բռնության մասին, իսկ ոստիկանն արձագանքի. «Հասկանում եմ, բայց հավանաբար ընթացք չենք տա. փորձեք ձեր ամուսնու հետ լուծել խնդիրները»։ 
Նման իրավիճակները հստակ ցույց են տալիս, թե ինչու է արմատական պատճառների հետ աշխատելը այդքան կարեւոր։ Օրենսդրությունը պարտադիր է, բայց առանց հասարակության մտածողության փոփոխության նույնիսկ լավագույն օրենքները չեն օգնի։
– Գենդերային նորմերը եւ բռնությունը արդարացնելու մեխանիզմները ոչ միայն ձեւավորում են բռնարարների վարքագիծը, այլեւ կարող են առաջացնել կողմնակալություն այն համակարգերում, որոնք նախատեսված են կանանց պաշտպանելու համար։ 
Կողմնակալություն կարող է լինել ոչ միայն հանցագործի կողմից, այլ նաեւ նրա ընտանիքում, համայնքում, եւ նույնիսկ այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են ոստիկանությունը կամ դատական համակարգը, որտեղ դեպքերը երբեմն չեն ընդունվում կամ թերագնահատվում են։
Այդ պատճառով խորքային պատճառների վերացումը չափազանց կարեւոր է. այն փոխում է ամբողջ հասարակության վերաբերմունքը։ 
– Կցանկանայի անդրադառնալ ձեր հոդվածի այն հատվածին, որտեղ Դուք ընտանիքներին աջակցող գենդերազգայուն քաղաքականությունների սակավությունը կապում եք այն բարդ ընտրության հետ, որի առջեւ կանգնում են բազմաթիվ կանայք՝ կարիերա թե ընտանիք ՝ խնդիր, որը հատկապես արդիական է Հայաստանում։
Կարծո՞ւմ եք հնարավոր է կապ գտնել այս համակարգային խնդրի եւ երկրում ծնելիության նվազման միջեւ։ Որքանո՞վ է հնարավոր այդ նվազումը պայմանավորել քաղաքականության բացերով՝ համեմատած այլ գործոնների ազդեցության հետ։
– Վստահ չեմ, որ գոյություն ունի ուղիղ, միանշանակ կապ, բայց կարելի է տեսնել մի շարք փոխկապակցված գործոններ։ Հստակ ապացույցներ կան, որ չվճարվող խնամքը՝ երեխաներին մեծացնելը, հոգ տանելը, հիմնականում ընկնում է կանանց վրա։ Շատ կանայք ստիպված են ընտրություն կատարել աշխատանքի եւ ընտանիքի միջեւ, քանի որ հաճախ չունեն ընտանեկան կամ սոցիալական աջակցություն՝ այս բեռը կիսելու համար։ Բացի այդ, ոչ բոլոր կանայք ունեն զուգընկերներ, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել խնամքի աշխատանքի իրենց բաժինը։
Միաժամանակ, պետությունն ու հասարակական հաստատությունները հաճախ չեն կարողանում առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային կանանց հավասարակշռել այս պարտականությունները։
Տնտեսական առումով հին «կերակրողի» մոդելը, որտեղ տղամարդիկ գումար են վաստակում, իսկ կանայք հոգ են տանում երեխաների մասին, այլեւս կենսունակ չէ։ Երկու աշխատող ունեցող ընտանիքներում երկու ծնողներն էլ սովորաբար պետք է աշխատեն՝ կենսական պահանջները բավարարելու համար։ Եթե կանայք փորձում են համատեղել կարիերան եւ ընտանիքը, նրանք հաճախ ստիպված են ինչ-որ բանից հրաժարվել՝ օրինակ ունենալ ավելի քիչ երեխա կամ սահմանափակել իրենց մասնագիտական հնարավորությունները։
Միեւնույն ժամանակ, կանանց աշխատելու հնարավորությունը կարեւոր է ոչ միայն ներկայի համար, այլեւ նրանց երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու համար։ Օրինակ, եթե կինը կորցնում է իր զուգընկերոջը, նա դառնում է ընտանիքի միակ կերակրողը։ Եթե նա չունի համապատասխան կրթություն կամ մասնագիտական փորձ, դա կարող է նրա դրությունը խիստ անկայուն դարձնել, հատկապես երեխաների առկայության դեպքում։ Բացի այդ, կենսաթոշակային համակարգերը հիմնականում հիմնված են աշխատանքային փորձի վրա։ Այս պատճառով տարեց կանանց շրջանում աղքատության մակարդակը հաճախ ավելի բարձր է, քանի որ շատերը կյանքում չեն աշխատել կամ քիչ են աշխատել։ Արդյունքում, ծերանալուն պես, կարող են չունենալ բավարար կենսաթոշակ, զուգընկեր կամ ընտանիք, որը կաջակցի նրանց։
Այս մարտահրավերների մեծ մասը կապված է կերակրողի մոդելի եւ կանանց վրա ընկնող չվճարվող խնամքի բեռի հետ։ Շատ կանայք կանգնում են գրեթե անհնարին ընտրության առաջ՝ ապահովել ընտանիքի եկամուտը կամ ամբողջությամբ հոգ տանել ընտանիքի մասին։ Ոմանք արդյունքում որոշում են ընդհանրապես երեխա չունենալ։
Սակայն պետք է նշել, որ սա ծնելիության նվազման միակ պատճառը չէ։ Կան նաեւ այլ գործոններ՝ օրինակ մտահոգությունըաշխարհի ապագայի, անվտանգության եւ կայունության, կլիմայի փոփոխության վերաբերյալ։
Այս ամենի հիմքում նաեւ տղամարդ եւ կին լինելու իմաստի վերանայումն է։ Ավանդական հասարակություններում կին լինելը հաճախ նույնացվում էր մայր լինելու հետ։ Կարծես թե այս երկու հասկացությունները անքակտելիորեն կապված են։
Այսօր երիտասարդ սերունդը սկսել է ավելի հաճախ մտածել այդ մասին եւ ավելի շատ ակնկալիքներ ունենալ ապագայից, եւ դա նորմալ է։ Ոչ մի դատապարտելի բան չկա, որ մարդ ուզում է երջանիկ լինել։ Խնդիրն առաջանում է, երբ նրանք ցանկանում են ընտանիք կազմել, բայց չեն կարողանում, որովհետեւ համապատասխան կառույցները պայմաններ չեն ստեղծում, եւ բացակայում է նպաստավոր միջավայրը, որն անհրաժեշտ է ընտանիք կազմելու եւ պահպանելու համար։
– Վերջին հարցը կրկին վերաբերում է այսպես կոչված «ավանդույթներին»։
Վստահ եմ, որ ձեր կարիերայի ընթացքում եղել են իրավիճակներ, երբ ձեզ ասել են՝ «Դուք չեք հասկանում մեր հասարակությունը, մեր մշակույթը, մեր ավանդույթները։ Դուք գալիս եք դրսից եւ մեզ սովորեցնում եք այն, ինչ չգիտեք»։ Հայաստանում այսօր շատ քննարկված թեմաներ՝ գենդերային հավասարությունը, ընտանեկան բռնությունը եւ դրանց հետ կապված հարցերը, հաճախ քաղաքականացվում են, հատկապես ընտրություններից առաջ։ Որոշ քաղաքական ուժեր դրանք ներկայացնում են որպես արտաքին միջամտություն անձնական կյանքին, ընտանիքներին կամ հասարակությանը։
Կարծում եմ կան արժեքներ եւ սկզբունքներ, որոնք համընդհանուր են, բայց միեւնույն ժամանակ հնարավոր է հաշվի առնել իրական ավանդույթները եւ տվյալ հասարակության մշակույթը։ Ինչպե՞ս եք արձագանքում, երբ ձեզ ասում են՝ «Խնդրում եմ, մի՛ սովորեցրեք ինձ. ես գիտեմ իմ հասարակությունը, եւ դուք չեք հասկանում, թե ինչպես է այն գործում իմ երկրում»։
– Պատասխանս խիստ անձնական համարեք։ Առաջինը, որ պարզաբանում եմ, այն է, որ ես եվրոպացի չեմ։ Ես Չիլիից եմ՝ Լատինական Ամերիկայից։ Այսինքն՝ չեմ ներկայացնում որեւէ «արեւմտյան օրակարգ»։ 
Ես նույնպես այնպիսի տարածաշրջանից եմ, որտեղ կան լուրջ սոցիալական մարտահրավերներ։ Իմ տեսակետը չի բխում ինչ-որ արտաքին արժեքներ պարտադրելու ցանկությունից։ Ես խոսում եմ որպես մարդ, ով հավատում է որոշ արժեքների եւ փորձ ունի նման խնդիրների հարցում։
Ինձ համար կարեւոր է հստակ ասել, թե որտեղից եմ՝ չափից ավելի ընդհանրական չլինելու համար։ Մենք շփվում ենք որպես մարդիկ։ Ես չեմ խոսում որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ, որը ձեզ ասում է՝ ինչ անել։ Ես հավատում եմ նրան, ինչ ասում եմ՝ կոնկրետ պատճառներով։ Ես հարուստ Արեւմտյան կապիտալիստական աշխարհից չեմ, այլ Լատինական Ամերիկայից, այստեղից շատ հեռու գտնվող մի երկրից, որը  նույնպես լուրջ զարգացման մարտահրավերների առջեւ է կանգնած։ Սա առաջինը:
Երկրորդ կարեւոր սկզբունքը հավասարությունն է ու խտրականության բացառումը՝ նկատի ունենալով ամբողջ բնակչության բարեկեցությունը, ոչ միայն որոշ խմբերի։ 
Եթե որեւէ ավանդույթ կամ ավանդույթի մասին պատկերացում հանգեցնում է մարդկանց որոշակի խմբի մեկուսացման կամ նրանց նկատմամբ խտրականության ՝ անկախ նրանից դա կապված է սեռի, ռասայի, էթնիկ պատկանելության կամ սոցիալական դասի հետ, դա խնդիր է ստեղծում։ Ավանդույթներն ինքնին խնդիր չեն, դրանք կարող են շատ արժեքավոր լինել։ Ես մարդաբան եմ, այնպես որ, սիրում եմ ավանդույթները։ Բայց դրանք արժեքավոր են այնքան ժամանակ, քանի դեռ նպաստում են մարդկանց բարեկեցությանը։
Սա է գենդերային հավասարության մասին մտածելու հիմքը։ Սա ավանդույթների դեմ չէ, բացարձակապես ո՛չ։ Հարցը սա է՝ ինչպե՞ս են այդ ավանդույթները ազդում կանանց եւ աղջիկների վրա։ Արդյո՞ք մենք վերարտադրում ենք բացառման կամ խտրականության համակարգերը, ինչից կարող էինք խուսափել։ Սա կարեւորագույն հարցն է, երբ վկայակոչում են ավանդույթը:
Օրինակ, շատ երկրներում կա հարեւաններին հյուրասիրելու կամ նրանց ճաշի հրավիրելու ավանդույթ։ Դա հրաշալի է, ես դրա դեմ ոչինչ չունեմ: Բայց այլ ավանդույթներ կարող են վնասակար լինել։ Հայաստանում օրինակներից մեկը սեռով պայմանավորված ընտրողական ծնունդների պրակտիկան է։ Այն վնասում է ոչ միայն չծնված աղջիկներին, այլ նաեւ երկարաժամկետ սոցիալական անհավասարակշռություն է ստեղծում տղամարդկանց եւ կանանց միջեւ։
Կարիք կա հասկանալու ավանդույթների իմաստը՝ առանց ենթադրելու, որ դրանք բոլորը վատն են, կամ որ գաղափարները պարտադրված են դրսից։ Պետք է հենց ներսում դիտարկել՝ որո՞նք են այն ավանդույթները, որոնք իրականում օգուտ են տալիս ձեր բնակչությանը եւ որո՞նք են վտանգի ենթարկում կանանց՝ չծնվելու, ռեսուրսներին սահմանափակ հասանելիություն ունենալու կամ աղքատության մեջ ապրելու առումով։ Ինչո՞ւ պետք է որեւէ մեկը ցանկանա, որ Հայաստանում աղքատ կանայք լինեն՝ դա անիմաստ է:
Ավանդույթները նույնպես փոխվում են։ Ժամանակի ընթացքում հասարակությունները որոշում են՝ որոնք պահպանել, որոնք թողնել անցյալում։
Հիմնական հարցը, հատկապես քաղաքական գործիչների կամ հասարակության ցանկացած անդամի հետ քննարկումների ժամանակ, հետեւյալն է. դուք վնա՞ս եք վերարտադրում: Ինչպե՞ս են ձեր գործողությունները ազդում մարդկանց կյանքի վրա: Դուք վերարտադրո՞ւմ եք մեկուսացում, խտրականություն, աղքատություն, բռնություն: Եթե այո, ապա դա լավ հիմք չէ առողջ եւ հավասարակշիռ հասարակություն ունենալու համար։ 
Գաբրիելա Ալվարես Մինթեի հեր զրուցել է Արա Թադեւոսյանը

Հարցազրույցը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ 

 
Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը:

Leave a comment