«Մենք այս պահին պատրաստ չենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելուն, որովհետեւ չենք համապատասխանում այդ ստանդարտներին»․ Վահան Կոստանյան

«ԵՄ գործադիր իշխանության մակարդակով կա՞ ինստիտուցիոնալ դիրքորոշում, որ իրենք ողջունում են ՀՀ նախաձեռնությունը եւ պատրաստ են մեզ հետ սկսել անդամակցության գործընթացը»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Արմեն Գեւորգյան

Կոստանյանն ասաց, որ եվրոպական կողմը ողջունում է ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենքի ընդունումը։ «Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության գործընթաց սկսելուն, ապա մենք այս պահին պատրաստ չենք այդ գործընթացը սկսելուն, որովհետեւ չենք համապատասխանում այդ ստանդարտներին։ Վարչապետը քանիցս ասել է, որ մենք այս գործընթացին նախ եւ առաջ վերաբերվում ենք որպես ռեֆորմների գործընթացի։ Եվ այս փուլում մենք առավելապես կենտրոնացած ենք այդ ռեֆորմների առաջ մղման համար, որպեսզի այն պահին, երբ կհամապատասխանենք եվրոպական ստանդարտներին, համապատասխան քաղաքական որոշում կայացվի՝ դիմելու կամ չդիմելու։ Բայց այս պահին դիմելու որոշում չունենք»,- նշեց Վահան Կոստանյանը։

Միաժամանակ նա հավելեց․ «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի Վրաստանի եւ ԵՄ գործընկերների միջեւ հարաբերությունները կարգավորվեն։ Եվ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ նույնպես տանում ենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment