Քաղաքական մեկնաբան Հակոբ բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եթե նկատել եք, Հայաստանի կառավարող ուժը գործնականում չունի հանրությանը ոչ մի հիմնարար, հայեցակարգային տնտեսական առաջարկ: Բացի Թրամպի ուղու հետ կապված «միլիարդավոր դոլարների» ամերիկյան ներդրումների վերաբերյալ «մեդիաթարգմանական» մանիպուլյացիաներից, չկա որեւէ կոնկրետ այլ խոշոր առաջարկ:
Իսկ այդ մեդիամանիպուլյացիաների համար մեղմ ասած բարենպաստ ժամանակահատված չէ, քանի որ Իրանի դեմ պատերազմը հիմնավորապես փոխել է համայնապատկերը: Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն է խոստովանում, որ Թրամպի ուղին ԱՄՆ-ի համար դադարել է լինել առաջնահերթ: Ինքս, ինչպես գիտեն հետեւորդները, միշտ եմ կարծել, որ այդ ծրագիրը կոնկրետ ԱՄՆ-ի համար երբեք չի էլ եղել առաջնահերթ, այլ դիտվել է մանրադրամ՝ այլ խոշոր նպատակների համար:
Վերադառնալով տնտեսությանը: Հայաստանի կառավարությունը չունի որեւէ խորքային առաջարկ, որը ենթադրում է տնտեսական կյանքում հիմնարար փոփոխություն եւ ռեֆորմ: Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ՌԴ հանդեպ պատժամիջոցների հույսին, պետական սուբսիդիաներով «ինքնախժռող» մեխանիզմների հույսին, եւ արտաքին պարտքով կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների հույսին, գումարած անորակ ասֆալտը:
Չկան արտաքին ներդրումային իրական հեռանկարները, փոխարենը՝ ներդրողներին վանող բազմաթիվ երեւույթներ:
Այս պայմաններում իհարկե չի մնում այլ բան, քան քաղաքացուն սպառնալ պատերազմով եւ ակնկալել շանտաժի նախընտրական էֆեկտ»: