Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Ռուսալեզու տելեգրամյան ալիքներում մարտի 20-ից տեղեկություններ են տարածվում, թե իբր Ֆրանսիայի կառավարությունը 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանի զինված ուժերին` «լրացուցիչ վարժանքների համար»։
«Ֆրանսիայի կառավարությունն ավելի քան 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանի զինված ուժերի լրացուցիչ վարժանքների համար՝ փորձելով հեռացնել Երևանին Մոսկվայից»,- նշված է КОТ ДОБРОХОД | БПЛА տելեգրամյան ալիքի գրառման մեջ։
Սակայն այս տեղեկությունը չի հաստատվում որևէ պաշտոնական աղբյուրով։ Հրապարակումներին կից չի ներկայացվում որևէ փաստ կամ ապացույց, որը կհաստատի այս տեղեկությունը։
Ի՞նչ են գրում տելեգրամյան ալիքները
Տելեգրամյան ալիքներում այս լուրը ամենավաղը տարածել է շուրջ 6000 հետևորդ ունեցող «КОТ ДОБРОХОД | БПЛА» ալիքը։ Գրառմանը կցված է տեսանյութ, որի վրա երևում է «Եվրոպա 1» (Europe 1) մասնավոր ֆրանսիական ռադիոկայանի տարբերանշանը։
Տեսանյութում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերին գումարի հատկացումը իրարանցում է առաջացրել ֆրանսիական հասարակության շրջանում։
«Մարդու իրավունքների լիգայի ակտիվիստները սա որակել են որպես Էմանուել Մակրոնի կողմից նոր հակամարտություն հրահրելու ևս մեկ փորձ»,- ասվում է տեսանյութում։
Տեսանյութից տպավորություն է ստեղծվում, թե այս լուրը հրապարակվել է «Եվրոպա 1»-ում։ Սակայն իրականում ռադիոկայանը նման բովանդակությամբ տեղեկություն չի տարածել։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման տեղեկություն չի հրապարակվել ֆրանսիական լրատվամիջոցներում։ Նաև ուսումնասիրվել է Ֆրանսիայի պաշտոնական տեղեկագիրը (Journal officiel de la République française), որտեղ հրապարակվում են կառավարության որոշումները, սակայն նման որոշման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնաբերվել։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում նույնպես չկա այսպիսի տեղեկություն։
Ի՞նչ է հայտնի լուրը տարածած ալիքի մասին, ինչպե՞ս է այն տարածվում
КОТ ДОБРОХОД | БПЛА տելեգրամյան ալիքը կառավարվում է Ռուսաստանից։ Ալիքը պարբերաբար անդրադառնում է ռուս-ուկրաինական պատերազմին, ռուսական գումարտակներում կամավորների հավաքագրմանը, ինչպես նաև զենքեր ձեռք բերելու համար գումարներ հավաքում։
Սկզբնաղբյուրում հրապարակվելուց րոպեներ անց գրառումը տարածել է տելեգրամում 200,000-ից ավելի հետևորդ ունեցող Военный обозреватель ալիքը։ Այնուհետև վերահրապարակել են МИРОВЫЕ НОВОСТИ • РОССИЯ • 24/7 #ВместеПобедим, Голубничий Константин տելեգրամյան ալիքները։
Սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ սխեմայով տեղեկություններ են տարածվում, թե իբր Ֆրանսիան Հայաստանին դրդում է Ռուսաստանի հետ հակամարտության, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Տես՝ Կեղծ առաջին էջեր ու «արթնացած» հաշիվներ. ինչպե՞ս են շահարկում Հայաստանի և Ֆրանսիայի ընտրությունները
Սխեման նույնությամբ կրկնում է ռուսական ապատեղեկատվական «Մատրյոշկա» (Matryoshka) արշավի մեթոդաբանությունը։ «Մատրյոշկա» արշավի դեպքում կեղծ կամ մանիպուլացված բովանդակությունը սկզբում հրապարակվում է սոցիալական հարթակներում փոքր թվով անանուն հաշիվների կողմից՝ հաճախ նմանակելով հեղինակավոր արևմտյան լրատվամիջոցների կամ հաստատությունների ոճն ու ձևաչափը, ապա համակարգված կերպով բոտային հաշիվներով տարածվում է լրագրողների, լրատվամիջոցների և փաստեր ստուգող կազմակերպությունների հրապարակումների տակ՝ նրանց «ստուգման» կամ «արձագանքի» խնդրանքով:
The post Ֆրանսիան 30 մլն եվրո չի հատկացրել Հայաստանին՝ նրան Ռուսաստանից հեռացնելու համար appeared first on CIVILNET.