ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտներին և էլեկտրակայաններին ուղղված ռազմական հարվածները։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու համար, հակառակ դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները կոչնչացվեն:
Թրամփը հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կառուցողական քննարկումներ են ունեցել Մերձավոր Արևելքում առկա թշնամանքի վերջնական հանգուցալուծման շուրջ։
«Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական զրույցների տոնի և ոճի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմական նախարարությանը հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները հինգ օրով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- գրել է Թրամփն իր սոցիալական էջում։
Նրա խոսքով՝ քննարկումների նպատակը տարածաշրջանում առկա հակամարտության ամբողջական և լիակատար կարգավորումն է։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Թրամփը հինգ օրով հետաձգել է Իրանի էլեկտրակայաններին ռազմական հարվածները appeared first on CIVILNET.