Քաղաքացին պետության ղեկավարի հետ բառավեճի մեջ է մտնում, որովհետև վախենալու բան չունի. Դանագուլյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը սոցցանցի իր էջում գրել է.

«2001 թիվ: Քաղաքացին պետության ղեկավարին դիմում է «բարև Ռոբ» արտահայտությամբ: Նրան քարշ են տալիս զուգարան, և ծեծելով սպանում: Միակ լրագրողը որը փորձում է հետաքննել այս սպանությունը ինքը ենթարկվում է մահափորձի, նռնակի պայթյումից ծանր վիրավորվում է, և ստիպված է լինում լքել Հայաստանը:

2026 թիվ: Քաղաքացին տրանսպորտում հանդիպելով պետության ղեկավարին առանց տատանվելու մտնում է նրա հետ երկար բառավեճի մեջ: Որովհետև լավ գիտի որ իրեն օրենքը պաշտպանում է ու որ ինքը վախենալու բան չունի: Վերջում, ենթարկվելով վարչապետի կողմից անարժան արտահայտությունների, հպարտ կեցվացքով հեռանում է:

Նույն օրը պետության ղեկավարը հրապարակային կերպով ներողություն է խնդրում իր անարժանավայել վարքի համար:

Սա երևի առաջին անգամ է Հայաստանի 3000+ պատմության մեջ երբ երկրի ղեկավարը անհատ քաղաքացուց հրապարակավ ներողություն է խնդրում:

«Յա, խի կարծում ես Նիկոլը անկեղծորեն ա՞ ներողություն խնդրում: Ինքը ըդամենը քվեների մասին ա մտածում…»:

Ես չճանաչեալ զվարչապետ ինչ կկամենայ ի խորոց սրտի: Բայց անգամ եթե այսպես է, ապա դա Է՛Լ ավելի լավ է: Որովհետև դա նշանակում է որ սխալն ընդունելն ու ներողություն խնդրելը Հայաստանում այլևս զապադլո չէ, այլ արժանի վարքի բնութագիր: Որը քվե կբերի, այլ ոչ թե կտանի: Դա խոսում է հասարակության ընթացիկ զարգացման մասին:
«Ախր ինչքան կարելի ա նախկիններով արդարաց…»:

Ես ոչ մեկին չեմ արդարացնում: Արցախցուն «փախած» անվանելը անընդունելի է, և Նիկոլը շատ ճիշտ է անում որ ներողություն է խնդրում ասածի համար:
Ես ընդամենը մատնանշում եմ թե ինչ էինք, ու ինչ դարձանք:

Սա կոչվում է երկիր: Սա կոչվում է ժողովրդավարություն: Կներեք սիրելի երևանցի նվնվներ որ ձեր քաղցր լացը հարամ եմ անում»։

Leave a comment