«Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել։ Առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները»,- մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը Երևանի մետրոպոլիտենում՝ այս մասին իր դեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Մարտի 22-ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել էր արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Կինն արձագանքել էր՝ «Մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենք», ինչին վարչապետն արձագանքել էր՝ «Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Ըստ իրավապաշտպանի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հանրային միջավայրում և մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ վրա բղավելը, ագրեսիվ ժեստերն ու մատ թափ տալը խախտում են երեխայի հոգեբանական անվտանգության իրավունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ։
«Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձ՝ այս վարքը պետք է հստակ գնահատվի որպես գենդերային հիմքով հոգեբանական բռնության տարրեր պարունակող դեպք։ Միաժամանակ, երեխայի ներգրավվածությունը իրավիճակում պահանջում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանը։
Միջադեպից հետո համացանցում քննադատության մեծ ալիք է բարձրացել վարչապետի պահվածքի վերաբերյալ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հանրային ներողություն է խնդրել Արցախից բռնի տեղահանված կնոջից և պատրաստակամություն է հայտնել պաշտոնապես՝ ուղիղ եթերում հանդիպել ու ներողություն խնդրել Մոսիյանից կառավարությունում կամ վերջինիս հարմար ցանկացած այլ վայրում։
The post Պետական պաշտոնն իրավունք չի տալիս՝ բղավել, մատ թափ տալ․ իրավապաշտպան appeared first on CIVILNET.