Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Այս մասին հայտարարել է Մարդու իրավուքների պաշտպանը։
«Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման: Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր լիազորությունները՝ ուղղված յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարտի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցը վեճի է վերածվել։
The post ՄԻՊ-ը կոչ է անում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ appeared first on CIVILNET.