Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի

Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է Կառավարության առաջնահերթություններից մեկը: Կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 22-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը:

«Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետևյալ 4 մակարդակների:

Առաջին մակարդակ՝ հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը: Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի:

Երկրորդ մակարդակը՝ վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ ԱԺ պատգամավորների և համայնքի ավագանու անդամների, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները: Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:

Երրորդ մակարդակը՝ անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ ԿԲ նախագահը և նրա տեղակալները, ՄԻՊ-ը: Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:

Չորրորդ մակարդակը՝ 1-3-րդ մակարդակներում չներառված պաշտոնյաները: Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին՝ պայմանով, որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ և դուրս գա հանձնաժողովի կազմից: Եթե առկա չէ փոխկապակցվածությունը, պաշտոնյան ստորագրում և հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն: Մրցույթի մասնակիցը հայտով ներկայացնում է փոխկապակցվածության բացակայության մասին հայտարարություն, և իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, որոնք հայտերը բացելուց հետո դառնում են հրապարակային տեղեկություններ:

Ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն ԿԿՀ-ի կողմից, և եթե վերջինիս եզրակացությամբ կարձանագրվի խախտում, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20 տոկոսը»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ Կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս՝ գնումների գործընթացի վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով, և պետությունների կողմից ստեղծված հիմնադրամների, գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության երկրորդ կամ երրորդ մակարդակներում ներառելու և մակարդակները բարձրացնելու իրավասություն:

Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից:

Leave a comment