Անկախության հռչակագիրն իր բովանդակությամբ «կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Անկախության հռչակագիրն իր ներկայիս բովանդակությամբ ոչ թե անկախության, այլ «կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»։ Այս մասին վարչապետն ասել է մարտի 19-ին կառարավությունում ճեպազրույցի ժամանակ։

Ըստ կառավարության ղեկավարի՝ փաստաթղթում առկա ձևակերպումները Հայաստանը դնում են արտաքին օգնությունից ահագնացող կախվածության մեջ, ուստի Սահմանադրության փոփոխության հարցը բացառապես ներքին օրակարգային անհրաժեշտություն է՝ պետությունն աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։

«Անկախության հռչակագիրը… դա ոչ թե անկախության հռչակագիր է դա կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում կախվածության հռչակագիր է»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ հռչակագրով սահմանված դիրքավորումը հարևանների հետ հարաբերություններում ստեղծում է սպառնալիքների միջավայր։ Նա զուգահեռ է անցկացրել նոր բնակարան տեղափոխված բնակչի հետ, ով սպառնում է իր բոլոր հարևաններին, ինչի արդյունքում ստիպված է լինում ապրել միայն արտաքին օգնության ակնկալիքով։ Ըստ նրա՝ այս իրավիճակը հանգեցնում է շարունակաբար մեծացող կախվածության այն ուժերից, որոնցից ակնկալվում է այդ օգնությունը։

«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- պարզաբանել է նա։

Պատասխանելով Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա հնարավոր տարածքային պահանջների և ներպետական օրենսդրությունը չվկայակոչելու պայմանավորվածությունների մասին հարցին՝ վարչապետը շեշտել է, որ իր գնահատականները նախկինում հրապարակած հոդվածներում արդեն տրված են։ Նա վերահաստատել է, որ Սահմանադրության շուրջ խոսակցությունը չի քննարկվել և չի քննարկվելու արտաքին որևէ ուժի հետ, այլ հասցեագրված է սեփական ժողովրդին՝ որպես հավաքական խնդիրների լուծման ճանապարհ։

«Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել չենք քննարկում և չենք քննարկելու մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

***

Մարտի 16-ին Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում։

***

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

The post Անկախության հռչակագիրն իր բովանդակությամբ «կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»․ Փաշինյան appeared first on CIVILNET.

Leave a comment