Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իլիա Երկրորդի մահվան առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հավատացյալ ժողովրդի անունից զորակցություն է հայտնել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու վրաց ժողովրդին՝ բարձր գնահատելով հանգուցյալ Պատրիարքի հոգևոր ավանդը։

«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», – ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում։ 

Վեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։

The post Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իլիա Երկրորդի մահվան առիթով appeared first on CIVILNET.

Leave a comment