Մարտ ամսին Իրանից Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 2,001 միավոր հրթիռ ու անօդաչու թռչող սարք, որից 314-ը՝ բալիստիկ հրթիռ, 1,672-ը՝ անօդաչու թռչող սարք և 15-ը՝ թևավոր հրթիռ: Այս մասին հայտնում են ԱՄԷ դեսպանությունից՝ ներկայացնելով ԱՄԷ արտաքին գործերի նախարարության ներկայացրած համապարփակ ամփոփումը։
«126 երկիր և միջազգային կազմակերպություն անհանգստություն են հայտնել և դատապարտել են ԱՄԷ-ի դեմ Իրանի ագրեսիան։ ԱՄԷ ղեկավարությունն իրականացրել է լայնածավալ դիվանագիտական գործունեություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով ԱՄԷ-ում զոհվել է 6 քաղաքացիական անձ և զինված ուժերի 2 զինծառայող, ևս 157 մարդ ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Չնայած հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից թիրախների մեծ մասի խոցմանը, ընկած բեկորները որոշակի վնաս են հասցնել քաղաքացիական գույքին:
Միջազգային հարթակում ստեղծված իրավիճակին արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 2026-ի մարտի 11-ին ընդունելով թիվ 2817 բանաձևը, որով տեղի ունեցած հարձակումները որակվել են որպես միջազգային իրավունքի խախտում և սպառնալիք տարածաշրջանային կայունությանն ու նավարկության ազատությանը:
Տնտեսական ոլորտում, չնայած լարվածությանը, երկրի ոչ նավթային հատվածը շարունակում է ապահովել ՀՆԱ-ի 75%-ը, իսկ ինքնիշխան հարստության հիմնադրամների ակտիվները գնահատվում են 2,49 տրլն դոլար:
Զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում արձանագրվել են չվերթների ժամանակավոր փոփոխություններ և ուղևորների կեցության հետ կապված լրացուցիչ ծախսեր, սակայն մարտի առաջին տասնօրյակում օդանավակայաններից օգտվել է շուրջ 1,4 մլն ուղևոր:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանն ԱՄԷ-ի ուղղությամբ 2000 հրթիռ ու անօդաչու է արձակել մարտին appeared first on CIVILNET.