Նախարարը չի հստակեցնում՝ արդյոք Անկախության հռչակագիրը հանվել է Սահմանադրության նախագծից

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի հստակեցնում՝ արդյոք Անկախության հռչակագիրը հանվել է Սահմանադրության նախագծից։ Մարտի 18-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նախարարը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս չի քննարկել նախագծի ներածական մասը։ 

«Խորհրդում դեռ չենք քննարկել, և ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք կառաջարկենք խորհրդին»,- ասաց Գալյանը։

Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ վերջինս կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության» վրա։ 

Նախարար Գալյանի խոսքով՝ Անկախության հռչակագիրը ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է և իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ որոնք նաև դրված են Սահմանադրության հիմքում: 

«Այդ սկզբունքներով առաջնորդվելով Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա և շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը: Այսինքն, այս հիմնական գաղափարներն են շեշտադրելու սահմանադրությունը, և հետևաբար  վստահ եմ, որ դուք՝ հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, և մեր քաղաքացիները, կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին և ոչ միայն ծանոթանալու, այլ նաև՝ տեքստը մշակողներին ուղղելու իրենց հուզող բոլոր հարցերը: Տեքստը, որը կհրապարակվի ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու, դա լինելու է նախագիծ, և հետևաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքներ»,- նշեց նախարարը:

Մարտի 16-ին Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում։

Գալյանը հավելեց, որ Սահմանադրության տեքստը հրապարակվելուց հետո հանրությունը հնարավորություն կունենա տեսնել ներածությունը և հասկանալ դրա բովանդակությունը։  

«Կարծում եմ մինչև ընտրություններ կհրապարակվի Սահմանադրության մշակված տեքստը» ,- ասաց նախարարը։

Հնարավոր հանրաքվեի ժամկետների վերաբերյալ հարցին նախարարը պատասխանեց, որ այդ հարցը նույնպես դեռևս չի քննարկվել։ Նա վերահաստատեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը բաց են զանգվածային լրատվության միջոցների համար՝ հերքելով «կուլիսային» աշխատանքի մասին պնդումները։

***

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

The post Նախարարը չի հստակեցնում՝ արդյոք Անկախության հռչակագիրը հանվել է Սահմանադրության նախագծից appeared first on CIVILNET.

Leave a comment