Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը պաշտոնապես հաստատել է կառույցի քարտուղար Ալի Լարիջանիի և նրա որդու՝ Մորթեզայի մահը։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Ալի Լարիջանին Իրանի քաղաքական վերնախավի ամենափորձառու դեմքերից էր։ Հայացքներով պահպանողական Լարիջանին ընթացիկ պաշտոնին նշանակվել էր անցյալ տարվա 12-օրյա պատերազմից հետո՝ համարվելով Ալի Խամենեիի ամենամոտ անձանցից։ Նա զբաղեցրել է կարևոր այլ պաշտոններ՝ լինելով Իրանի խորհրդարանի ղեկավարն ու Իրանի միջուկային հարցի բանակցողը։
Նրա դերն ընթացիկ պատերազմում ավելի ընգծվեց։ Մինչ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը, նա հայտարարեց անցումային կառավարության ստեղծման մասին։ Ըստ ամենայնի՝ վերջինս մեծ դերակատարում է ունեցել հատկապես ուժային ու քաղաքական թևերի համակարգման հարցերում։
Իրանը պաշտոնամես հաստատել է նաև «Բասիջ» աշխարհազորայինների հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի մահը։
Բասիջը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից կամավորական ռազմական կառույց է, որի հիմնական անելիքներն ուղղված են երկրի ներսի անվտանգային, տարբեր մոբիլիզացիոն շարժումներին։ Կառույցը ստեղծվել է 1979-ի հեղափոխությունից հետո։
Իրանի երկու պաշտոնյաների սպանության մասին նախօրեին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, սակայն նույն օրն Իրանը չէր հաստատում տեղեկությունը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի մահը appeared first on CIVILNET.