«Դովեղ» ֆուտբոլային ակումբը չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին: «Նոյեմբերի 4-ին սպասվող ՀՖՖ արտահերթ ժողովին «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ներկա չի լինի երկու հիմնական պատճառով: Առաջին, ճիշտ է, ՀՖՖ-ն մեզ հրավեր է ուղարկել և պատշաճ կերպով պահպանել քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր գրված ու չգրված կանոնները, ինչի համար շնորհակալ ենք ՀՖՖ ղեկավարությանն ու նրա նախագահ Արմեն Մելիքբեկյանին, սակայն ՀՖՖ 29 ակումբների՝ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին մենք տեղեկացել ենք ֆուտբոլային մարդկանցից ու մամուլից:

Փաստորեն, ՀՖՖ անդամ 34 ակումբներից, ինչքանով հասկանում ենք լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններից, միայն 4-ին չեն հրավիրել, ինչը համերաշխության, էթիկայի և պարզ մարդկային հարաբերությունների խախտում է: Մենք անգամ տեղյակ չենք, թե որ ակումբը կամ որ ակումբներն են նախաձեռնության հեղինակները: Եթե, այնուամենայնիվ, մենք մասնակցելու լինեինք արտահերթ ժողովին, ապա միանշանակ դեմ կքվեարկեինք առաջարկվող փոփոխություններին: Դրանք ֆուտբոլի մասին չեն, այլ հայոց լեզուն և մայրենին ստորադասելու և ոտնահարելու, օտարախոս և հայերենը անտեսող մարդու համար ճանապարհ բացելու:

Այլ բացատրություն այս աղաղակող փոփոխություններին դժվար է գտնել: Մենք կարծում ենք, որ փոփոխություններն այնքան կոպտորեն են խախտում մայրենին և այնպիսի բացահայտ քաղաքական ու իշխանական միջամտություն են հայկական ֆուտբոլային կյանքին, որ ՀՖՖ ղեկավարությունն ու Գործկոմը պարզապես պետք է անտեսեին 29 ակումբների այս հակահայկական և հակաֆուտբոլային նախաձեռնությունը: Երկրորդ պատճառը, որ մենք որոշեցինք չմասնակցել արտահերթ այդ ժողովին, պայմանավորված է նրանով, որ ունենք ֆինանսական պարտավորություններ ՀՖՖ-ի առաջ:

Մենք չենք վճարել երեք տարիների անդամավճարը և որոշել ենք միայն մեր ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո մասնակցել ՀՖՖ ժողովներին: Կրկնենք, սակայն, որ ՀՖՖ-ն մեզ պատշաճ կերպով հրավեր ուղարկել է: Մինչև տարեվերջ մենք կկատարենք մեր ֆինանսական պարտավորությունները և կմասնակցենք ՀՖՖ տարեկան ժողովին, որը նաև ընտրական է»,- մասնավորապես, նշված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է նոյեմբերի 4-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment