«Մեր գնահատմամբ՝ կենսաթոշակների բարձրացումը 0,2 տոկոսի կարգի գնաճ կարող է բերել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հիշեցնենք, որն ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները բարձրանալու են 10 հազար դրամով։
«Ինքը 01-02 տոկոս գնաճ կարող է բերել, նայած, թե ոնց ենք չափում, բայց մինչեւ տարեվերջ»,- ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաեւ ասաց, որ առողջության ապահովագրության ներդրումը եւս գնաճի է հանգեցրել։ «Գործընկերները, ովքեր գնաճը հաշվում են, վերջին երկու ամսվա ընթացքում 3 տոկոս առողջապահական ծառայությունների գնաճ են գրել։ Եթե չեմ սխալվում, առողջապահական ծառայությունների տեսակարար կշիռը 10 տոկոս է մեր զամբյուղում, ուստի, 4,3 տոկոս գնաճից 0,3 տոկոսը պայմանավորված է առողջապահության ոլորտում տեղի ունեցած գնաճով»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ԿԲ-ն կանխատեսում էր, թե առողջության ապահովագրության ներդրումը գնաճի չի հանգեցնի, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Չէ, մենք չենք ասում, որ բացարձակ ազդեցություն չի ունենալու։ Մենք այդպիսի հայտարարություն չենք արել, որ առողջապահական ապահովագրական ներդրումն ընդհանրապես գնաճի չի բերելու։ Մենք ասել ենք՝ բարձր գնաճային զարգացումների ռիսկը կանխատեսում ենք, որ ցածր է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: