Միջադեպ է տեղի ունեցել դանիական ռազմական Fennec ուղղաթիռի մասնակցությամբ, երբ այն Գեդսերի մերձակայքում՝ միջազգային ջրերում, լուսանկարելիս է եղել ռուսական ֆրեգատը, հայտնել է Դանիայի բանակը։
Հայտարարության մեջ նշվել է, որ ռուսական նավը երկու ազդանշանային հրթիռ է արձակել։ Դանիայի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մեկնաբանել բուն միջադեպը, սակայն ընդգծել են, որ ազդանշանային հրթիռները ոչ թե զենք են, այլ պիրոտեխնիկական միջոցներ, որոնք օգտագործվում են որպես նախազգուշական ազդանշան։
Ի պատասխան միջադեպի՝ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին։ «Զինված ուժերը հայտնում են, որ Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներից մեկի ուղղությամբ արձակվել են այսպես կոչված ազդանշանային հրթիռներ՝ Գեդսերի մերձակա ջրերում ռուսական ֆրեգատը լուսանկարելու պահին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ուստի, Ռուսաստանի դեսպանը կանչվել է այս միջադեպի վերաբերյալ քննարկում ունենալու համար», – նշված է Դանիայի ԱԳՆ-ի գրառման մեջ։
Գեդսերը քաղաք և նավահանգիստ է Դանիայի Ֆալստեր կղզու հարավային ափին՝ Բալթիկ ծովի ուղղությամբ։ Այդ տարածքով է անցնում դեպի Գերմանիայի Ռոստոկ քաղաք տանող կարևոր ծովային երթուղին, որը Դանիան կապում է մայրցամաքային Եվրոպայի հետ։ Նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի՝ պայմանավորված Բալթիկ ծովի հարավարևմտյան ելքի մոտ գտնվելով և տարածաշրջանային նավագնացության հիմնական ուղիներին մոտ լինելու հանգամանքով։