Իսրայելում տեսախցիկների հեռացման մասին տարածվող տեսանյութը հին է և կապ չունի Իրանի հարձակումների հետ

Արմեն Մկրտչյան #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում մարտի 9-ից տարածվում է տեսանյութ՝ պնդմամբ, թե Իսրայելում փողոցներից հեռացնում են տեսախցիկները՝ Իրանի հարձակումների հասցրած վնասները թաքցնելու համար։

Լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութը

Տեսանյութը տարածել են Euromedia24-ը, Հայելի.am-ը, Երկիր օրաթերթը և այլն։ 

Սակայն տեսանյութը հին է, իսկ այն ներկայացվում է սխալ համատեքստում և չի առնչվում Իրանի հարձակումներին։

Որտեղից է իրականում տեսանյութը

Տեսանյութի աջ վերին անկյունում երևում է ռուսական Russia Today (RT) լրատվամիջոցի տարբերանշանը։ Սակայն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռուսական այդ լրատվամիջոցը նման տեսանյութ չի հրապարակել։

Էկրանապատկերը՝ Հայելի Ակումբի և Երկիր Օրաթերթի հրապարակումներից

Տեսանյութի ձախ անկյունում ևս առկա է մեկ այլ տարբերանշան՝ եբրայերեն գրություն։ Այն իրականում Իսրայելի հյուսիսում գտնվող Արևմտյան Գալիլեա տարածաշրջանի ոստիկանության բաժնի տարբերանշան է (תחנת גליל מערב-Tahanat Galil Ma’arav՝ «Արևմտյան Գալիլեայի կայան/բաժին»)։

Արևմտյան Գալիլեայի ոստիկանությունն իսկապես հրապարակել է այս տեսանյութը, բայց ոչ թե վերջին օրերին, այլ 2025-ի հոկտեմբերի 22-ին: Այն հրապարակվել է բաժնի ինստագրամյան պաշտոնական էջում հետևյալ գրությամբ՝  «Արևմտյան Գալիլեայի ոստիկանությունը շարունակում է ապամոնտաժել հանցավոր կազմակերպությունների և խմբավորումների կողմից հանրային տարածքներում տեղադրված տեսախցիկները»։ 

Իսրայելի ոստիկանությունը մարտի 11-ին X-ի (նախկինում՝ Twitter) պաշտոնական էջում անդրադարձել է տարածվող տեսանյութին՝ պարզաբանելով, որ այն հին է և ցույց է տալիս ոստիկանության օպերատիվ գործողությունները՝ հանցավորության դեմ պայքարի և հանցավոր տարրերի կողմից օգտագործվող ապօրինի վերահսկող տեսախցիկների առգրավման շրջանակում։

Էկրանապատկերը՝ Իսրայելի ոստիկանության X-ի էջից

Ի դեպ, նույն տեսանյութը նույն պնդմամբ հրապարակել էր նաև ամերիկյան MintPress News կայքը։ Ըստ անկախ հետազոտողների՝ կայքի հրապարակումները հաճախ համընկնում են ռուսական և իրանական պետական մեդիաների նարատիվների հետ։

Այսպիսով, տարածվող տեսանյութը հին է և ներկայացվում է մոլորեցնող համատեքստում։

ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտության ֆոնին համացանցում և լրատվամիջոցներում տարածվում են բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում հաճախ ներկայացվում են կեղծ կամ մոլորեցնող պնդումներ։ #CivilNetCheck-ը մի շարք հրապարակումներով արդեն անդրադարձել է այդ կեղծիքներին։

ԱԲ լուսանկարներ և հին կադրեր՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտության մասին հրապարակումներում․ Մաս 2

The post Իսրայելում տեսախցիկների հեռացման մասին տարածվող տեսանյութը հին է և կապ չունի Իրանի հարձակումների հետ appeared first on CIVILNET.

Leave a comment