Փայլուն հաղթանակ. Սուրեն Աղաջանյանը հռչակվել է Եվրոպայի Մ-23 առաջնության չեմպիոն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում ցուցադրելով անբասիր գոտեմարտեր, գրում է armsport.am-ը:
60 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշն ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեի հետ։ Աղաջանյանին ընդամենը երկու րոպե պահանջվեց մրցակցի նկատմամբ լիակատար առավելության հասնելու համար. գոտեմարտը ժամանակից շուտ ավարտվեց 9։0 հաշվով՝ ի օգուտ մեր մարզիկի։
Դեպի ոսկե մեդալ տանող ճանապարհին Սուրեն Աղաջանյանը պարզապես հավասարը չուներ։ Նա վստահ և տպավորիչ ելույթներ ունեցավ՝ ժամանակից շուտ պարտության մատնելով Լեհաստանի, Դանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ սա հայ ըմբիշի միակ խոշոր նվաճումը չէ։ Իր կարիերայի ընթացքում Աղաջանյանը հասցրել է հռչակվել նաև մինչև 20 տարեկանների Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականն արդեն երկրորդ ոսկե մեդալն է նվաճում ընթացող ստուգատեսում։ Ավելի վաղ մայրցամաքային առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էր 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։