Մալաթիայի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվել է. տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք


Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։


Մարտի 10-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվել են և առգրավվել ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, շագանակագույն հեղուկով ներարկիչ, նույն գույնի հետքերով ներարկիչներ, տարաներ, կշեռքներ, ինչպես նաև դյուրակիր համակարգիչ, պլանշետ և բջջային հեռախոսներ։


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում ստացվել են նոր տվյալներ՝ այս անգամ արդեն ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ։


Մարտի 12-ին, վարույթի շրջանակում, խուզարկություն է կատարվել նաև տղամարդուն պատկանող ավտոտնակում․ հայտնաբերվել են օդաճնշիչ, մարտական ու մեկնարկային մեկական ատրճանակ, փամփուշտներ և զինամթերք։


Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումների քանակ2

Leave a comment