Հայաստանը համագործակցություն է հաստատում աշխարհի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ աջակցելու արվեստների կլաստերի հայեցակարգի ձևավորմանն ու դրա իրականացմանը։
Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ բանակցություններ են անցկացվել երկու առաջատար բուհերի հետ, և կառավարության այսօրվա որոշումներով հնարավորություն է ստեղծվել անցնել համագործակցության պայմանագրերի կնքման փուլին։
Առաջին գործընկեր բուհը Լոնդոնի արվեստների համալսարանն է (University of the Arts London, UAL)։ Այն աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը որպես արվեստի և դիզայնի բակալավրիատի կրթական ծրագրերի լավագույն համալսարան։ Բացի այդ, QS World University Rankings by Subject 2025 վարկանիշում արվեստ և դիզայն ուղղությամբ համալսարանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Արվեստի թագավորական քոլեջին (Royal College of Art), որը մասնագիտացած է բացառապես հետբակալավրիական կրթության մեջ։
Երկրորդ բուհը, որի հետ նախատեսվում է պայմանագիր կնքել, Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան է (Royal Conservatoire of Scotland)։ Այն համարվում է կատարողական արվեստների ոլորտի առաջատար կրթական հաստատություններից մեկը։
Նախարարի խոսքով՝ համագործակցությունը միտված է Հայաստանում արվեստների կլաստերի զարգացմանը, միջազգային փորձի ներգրավմանը և ստեղծարար կրթության ու մշակութային ոլորտի կարողությունների ամրապնդմանը։