Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։
Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։
***
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։
Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։
Հայաստանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ երկրի մոդելը կընտրվի մոդուլային տիպի ատոմակայանի կառուցման համար, և ներկայումս հետազոտում է միջազգային տարբեր առաջարկներ։
The post Փաշինյանն ու ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերը appeared first on CIVILNET.