24news.am-ի՝ մարտի 6-ին հրապարակված հարցազրույցում բանախոս Կարեն Քոչարյանը պնդել է, թե Հայաստանի ոչ մի պաշտոնյա ցավակցական գրառում չի արել Իրանի՝ արդեն նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, իրանցի այլ պետական պաշտոնյաների և խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։
«Եթե Իրանն այս ամենից պատվով դուրս գա, իրենց (նկատի ունի՝ ՀՀ իշխանությանը, -խմբ․) կհիշեցնի։ Արդեն 2-3 օր է ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան, և որևէ պետական գործիչ չի այցելել այնտեղ, գրառում չի արել․․․[Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևը գնացել, իրենց դեսպանատանը գրառումն արել է։ Քանի որ այստեղ ինքնուրույն ոչինչ չեն կարողանում անել, դա էլ չեն կարողանում անել»,- ասել է բանախոսը։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ նրա այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։
Այսպես, մարտի 4-ին News.am լրատվամիջոցի տեսախցիկն արձանագրել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եղել է ՀՀ-ում Իրանի դեսպանատանը՝ գրառում թողնելով սգո մատյանում։
Սրան զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, անձամբ գրառում չի թողել մատյանում։
Ե՞րբ է ցավակցել Փաշինյանը
24news.am-ի լրագրողն իր հերթին պնդել է, թե Փաշինյանը Խամենեիի մահից 2-3 օր հետո է ցավակցական հեռագիր հղել։
Այսպես, Խամենեին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է փետրվարի 28-ին, սակայն, իրանական կողմը մեկ օր շարունակ չէր հաստատում այդ լուրը․ արդեն մարտի 1-ին Թեհրանը պաշտոնապես հաստատեց գերագույն հոգևոր առաջնորդի զոհվելու փաստը։
Փաշինյանը, ըստ այդմ, ցավակցական հեռագիր է հղել պաշտոնական հաստատման հաջորդ օրը՝ մարտի 2-ին։
Այսպիսով, 24news.am-ի եթերում հնչած պնդումները սխալ են և չեն համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան
The post Իրանի դեսպանատանը հայ պաշտոնյա եղել է, սգո մատյանում գրառում արել է․ սխալ պնդում՝ 24news.am-ի եթերում appeared first on FIP.AM.